Արամ Թանանյանը նշանակվեց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվեց Արամ Թանանյանը: Արամ Թանանյանին Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ նշանակելու մասին որոշումն ընդունվեց հունվարի 30-ին կառավարության նիստում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի անցակետի մոտակայքում: «Թող տպավորություն չստեղծվի, որ նա Մոսկվայում է աշխատելու: Նա աշխատելու է Վերին Լարսի մոտակայքում»,- ասաց վարչապետը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ Արամ Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում է ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում, մասնավորապես զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում:
Կառավարության նիստից հետո Արամ Թանանյանը զրուցեց լրագրողների հետ: Նա նշեց, որ իր լիազորությունները դեռ վերջնական չեն սահմանվել, սակայն հավելեց, որ ՊԵԿ-ն ընդունել է զարգացման 5-ամյա ռազմավարություն: «Դուք տեսել եք, թե վերջին 1.5 տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել մեր համակարգում: Մեր համակարգը միտված է ապահովել երկրի ամբողջ շրջանառությունը: Եվ այդ ֆոնի վրա հիմա նաև ծավալվում ենք դեպի հյուսիս, որովհետև Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով մենք կապ ենք հաստատուն ԵԱՏՄ տարածքի հետ»,- ասաց նա:
Ներկայում Վերին Լարսում առաջացող խնդիրները լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգով, տարբեր կապի միջոցներով: «Մենք արդեն հնարավորություն կունենանք առերես քննարկել բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված: Լարսում կունենանք դեմք, ով կներկայացնի մեր երկիրը»,- ասաց Թանանյանը:
Նրա խոսքով՝ իր առաջին գործը լինելու է հասկանալ, թե ինչ իրավիճակ է այս պահին և ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի ՀՀ ղեկավարության կողմից իր առջև դրված խնդիրներին համահունչ վիճակը բարելավվի: