«Հեռախոսային կամ առերես խոսակցություն վարչապետի հետ պատիվ չեմ ունեցել ունենալ». Լարիսա Մինասյան
Երեկ՝ հունվարի 28-ին, Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իր ու «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալությունը պայմանավորված է նախօրեին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցով:
«Լարիսա Մինասյանը կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ, «վզին դրել», պահանջել է նույնիսկ՝ ապօրինի ու տարբեր մեթոդներով կանխեն մեր գործունեությունը, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը իրականացնել»,- Ոստիկանության «6-րդ վարչություն»-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը:
Այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, հերքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նման հեռախոսազրույց ու այդ բովանդակությամբ խոսակցություն ունենալու հանգամանքը:
«Ձեր ուղղակի հարցին ես կպատասխանեմ՝ ո՛չ և ո՛չ: Ես հեռախոսային, կամ առերես, կամ գրավոր որևիցե խոսակցություն չեմ ունեցել, պատիվ չեմ ունեցել ունենալու պարոն Փաշինյանի հետ, և այդպիսի խոսակցություն չի եղել»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ հորդորելով հանրային դիսկուրսում չներառել «ակնհայտ, գռեհիկ սուտը»:
Մինասյանի խոսքով՝ նման կեղծ տեղեկություններ տարածելով՝ «այդ մարդիկ մեր հանրությանը նվաստացնելու միտում ունեն»:
«Ինչ-որ անձինք փորձում են «բացատրել» հանրությանը, որ «դուք չեք, էդ ինչ-որ մի հատ էնտեղ մեկն ա, որ իշխում ա»: Դա, բացի սուտ լինելուց, այն, ժողովրդի լեզվով ասած, բոյնի նենգափոխությունն է, որ բացի տհաճ ու սարսափելի լինելուց, ուրիշ բան չունեմ ասելու»,- ասաց Լարիսա Մինասյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում