«Կարո՞ղ է արտահերթ ընտրություն լինի և արդյունքները ոչ մի տեղ չկարողանաք վիճարկել, նոր վարկ ստանալու անհրաժեշտություն լինի, չկարողանաք…». Հրայր Թովմասյան
ՍԴ-ն բոբո չէ եւ նրանից չպետք է վախենալ, այն ոչ մեկին չի դատում։ Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետը վախենում է ՍԴ-ից:
Նրա խոսքով, ՍԴ-ն բոլորին՝ դիմողներին ու չդիմողներին միայն օգնում է. «Վախերի շրջանակը անհեթեթությունների է հասնում։ Վախերից մեկի մասին բարձրաձայնեց վարչապետը, ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող ենք դրան մասնակցություն ունենալ։ Վախերից մեկը նշվում էր, որ Ստամբուլյան կոնվենցիան է, երկորդը՝ Արցախի հետ կապված ինչ-որ պրոցեսներ, երրորդը, որ նպատակ կա առանց դատավճռի սեփականության օտարման մասին օրենք բերել, հաջորդ վախը կոնկրետ գործերի հետ էր կապված, եւ վերջապես վերջինը, որ ՍԴ-ն ինչ-որ մեխանիզմներով պիտի իրենց պաշտոնավարման մասին որոշում կայացներ։ Մեր լիազորությունների մեջ նման բան չկա»:
Վարչապետի հայտարարությանը, թե մենք ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չունենք, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Սա նշանակում է, որ մենք պետություն չունենք։ ՍԴ-ն մի մարմին է, որով աշխատում է ողջ պետական համակարգը։ Եթե չունենք ՍԴ, ապա պետություն չունենք։ Ես երբ ասում եմ, որ պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ, նաեւ նման արտահայտությունները նկատի ունեմ։ Մի օր կգան եւ կասեն՝ դուք չեք ունեցել ՍԴ եւ այս 100 միլիոնը իրավունք չունեիք վերցնելու»։
Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե չկա դատավոր որ իր ասածը չանի, Թովմասյանն արձագանքեց․ «Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որ իր ասածը անի։ Ֆորմալ առումով կարող են լինել մարդիկ, որ իր ասածը կանեն, բայց բովանդակային առումով այդ մարդիկ ինձ համար այլեւս դատավոր չեն: Դատավորի էությունն այն է, որ նա ոչ մեկի ասածը պետք է չանի»։
Թովմասյանն ասաց, որ իր համար անհասկանալի է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի նպատակը․ «Նախագահի ստորագրելուց հետո «պատահական» զուգադիպությամբ ՍԴ-ում հայտվում է ՀՔԾ քննիչը։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է շտապելու պատճառը, ո՞վ էր ընկել ձեր հետեւից, որ արագացված ռեժիմով քննարկեցիք, ինչո՞ւ 2 ամիս, ինչ-որ բաների հետ է գուցե կապված։ Իսկ մի պահ մտածե՞լ եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, ինչո՞ւ չեք գրել, որ թոշակի անցնելուց հետո դատավորները շարունակում են պաշտոնավարել, մինչեւ նոր մարդկանց նշանակումը, հակառակ դեպքում կարող եք ՍԴ իրական ճգնաժամ ստանալ։ Երկու դատավորով չեն կարող գործ քննել։ Իսկ կարո՞ղ է արտահերթ ընտրություն լինի եւ արդյունքները ոչ մի տեղ չկարողանաք վիճարկել, նոր վարկ ստանալու անհրաժեշտություն լինի, չկարողանաք, մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը քանդվի, որովհետեւ ՍԴ գոյություն չունի»։