Հումանիտար կազմակերպությունները Լիբիայի ափերին 59 ներգաղթյալի են փրկել
«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) հումանիտար կազմակերպությունը և SOS Mediterranee-ը հայտնել են Լիբիայի ափին 59 ներգաղթյալի փրկության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լուսաբացից առաջ SOS Mediterranee-ի և MSF-ի թիմերը փրկել են 59 մարդու` կանանց և տղամարդկանց: Նրանք եղել են փայտե փոքր նավակի մեջ, որը աղետի էր ենթարկվել: Փրկարարական գործողությունները մեկնարկել են 04.00-ից հետո Լիբիայի ափից մոտավորապես 26 ծովային մղոն հեռավորության վրա»,-ասվում է MSF-ի և SOS Mediterranee-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ocean Viking նավում, որը փրկում է Միջերկրական ծովում հայտնված ներգաղթյալներին, այժմ 151 փրկված մարդ կա:
2019թ. հուլիսի վերջին «Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպությունը SOS Mediterranee-ի հետ համատեղ վերականգնել է որոնողափրկարարական աշխատանքը` փորձելով օգնել ներգաղթյալներին, որոնք հայտնվել են Միջերկրական ծովում: Հումանիտար կազմակերպությունների նավը` Ocean Viking-ը, նավարկում է Նորվեգիայի դրոշի ներքո: