«Եթե Փաշինյանին անվստահություն հայտնելու պրոցես սկսվի, չի բացառվում, որ դրան կողմ քվեարկեն նաև «Իմ քայլից»». Վահան Բաբայան

Սահմանադրական դատարանի նախագահի տան խուզարկությամբ Հայաստանում դադարեց խորհրդարանական ընդդիմության գոյությունը, քանի որ այդ ընդդիմությունը չի օգտվում Սահմանադրությամբ իրեն տրված գործիքներից՝ իշխանությանը զսպելու, հարցեր ուղղելու և անհարմար դրության մեջ դնելու համար, չնայած դա ընդդիմության պարտավորությունն է։ Այս մասին այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ընդգծելով, որ այսօր փողոցում ցանկացած ակտիվիստ ավելի շատ գործ է անում, քան խորհրդարանում գտնվող ընդդիմությունը։

«Ե՛վ «Բարգավաճ Հայաստանը»,  և՛ «Լուսավոր Հայաստանը» չեն բարձրաձայնում առկա խնդիրների մասին, թեև, եթե նրանք մեկ մարդու պես հանդես գան, ապա խորհրդարանում պատկերն այլ կլինի, իսկ այդ դեպքում իշխանությունն իրեն չի պահի այնպես, ինչպես պահում է։ Իհարկե, չեմ կարող ասել՝ ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար հանդես կգա՞ն՝ կոնկրետ հարցադրումների հետ կապված, սակայն վստահեցնում եմ՝ կան հարցեր, որոնք հենց այդպիսի մոտեցում են պահանջում»,- ասաց Բաբայանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավորի խոսքով՝ իր դիտողություններն ուղղված են նաև իր երբեմնի կուսակից ընկերներին։ Նա վստահ է, թեև ԲՀԿ-ում այսօր կան անհատներ, որոնք կատարում են ընդդիմադիրի իրենց առաքելությունը, սակայն ամբողջ խմբակցությունից է նման պահվածք ակնկալում։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներին՝ Բաբայանը նշեց, որ օրակարգը լցված է քրեական գործերով, կեղծ թվերով և ատելության հսկայական քանակով, ինչի վերջնարդյունքում մի օր լինելու է ատելության մթնոլորտի պայթյուն, իսկ մինչ այդ՝ օր օրի ավելի է խորանում նախկինի ու ներկայի միջև ջրբաժանը։

«Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ եթե խոսում են նախկինների մասին, ապա այդ դեպքում Արմեն Սարգսյանն էլ է նախկինների ժառանգությունը՝ ինչո՞ւ նրա հետևից էլ չեն գնում, չէ՞ որ նրան առաջարկել է Սերժ Սարգսյանը, նախկին խորհրդարանն էլ ընտրել է: Հիմա ինչո՞ւ չեն  ազատվում Սարգսյանից. չեն ազատվում, որովհետև ինչ-որ ասում են՝ անում է, ինչ օրենք ուզում են՝ ստորագրում է»,- ասաց Վ. Բաբայանը։

Ստեղծված իրավիճակում Ռեֆորմիստների կուսակցության նախագահը կարևոր համարեց նաև օդում առկախված բազմաթիվ հարցերի պարզաբանումը, որոնցից շատերն էլ կապված են Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

«Պարոն Վանեցյանը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝ ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնյան, իր պաշտոնավարման ժամանակ եղել են ձերբակալություններ, կալանավորումներ, իսկ հիմա ինքը քննադատում է Նիկոլ Փաշինյանին, հետևաբար՝ պետք է բացատրի՝ ի՞նչ նպատակ կա այս ամենում։ Սահմանադրական դատարանի հետ կապված էլ պարոն Վանեցյանը պետք է խոսի։ Ինքն ինչպե՞ս կարող է այդ գործընթացներից որևէ բան չիմանալ»,- ասաց  Բաբայանը։

Նրա համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող իրադարձություններն ապացուցեցին, թե որքան ամուր է Թովմասյանը պահում իրեն վստահված տարածքը, ինչը շատ կարևոր մարդկային հատկանիշ է, ուստի կարող է դառնալ ընդդիմության առաջնորդ։

«Կարծում եմ՝ արտախորհրդարանական դաշտում պետք է լինեն միավորումներ, իսկ Հրայր Թովմասյանը կարող է լինել ոչ միայն ընդդիմության առաջնորդը, այլ նաև այն մարդը, որը կարող է միավորել բարությունը, համեստությունը, ադեկվատությունը, իրավունք ու արդարադատությունը»,- ասաց  Բաբայանը։

Վերջինիս խոսքով՝ քանի որ որևէ քաղաքական գործընթաց արհեստականորեն չպետք է ձևավորվի, ուստի դա է պատճառը, որ տևական ժամանակ արտախորհրդարանական ուժերը չեն կոնսոլիդացվել և ներկայացրել իրենց այլընտրանքային թեկնածուին։ Ըստ Բաբայանի՝ դրա համար հանգամանքներ են անհրաժեշտ, ուստի Հրայր Թովմասյանին՝ վարչապետի թեկնածությունը դիտարկելը պայմանավորված է լինելու ստեղծված հանգամանքներով։

Հարցին՝ այդ դեպքում արդյոք հասունացե՞լ է Կառավարության գործող ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը, ինչի իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, Վահան Բաբայանը պատասխանեց.

«Հիմա եթե մենք տեսնենք, որ այս լարված մթնոլորտում ընդդիմությունն իր այդ լծակը չի օգտագործում, էլ ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։ Եթե այդ հարցը կմտցնեն օրակարգ, ապա մենք կողջունենք և ՛«Բարգավաճ Հայաստան», և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ քաղաքական գործընթացները տեղի ունենան ոչ թե փողոցում, այլ՝ խորհրդարանում, ընդդիմությունն անվստահություն հայտնի վարչապետին, ներկայացնի իր վարչապետի թեկնածուին, իսկ այդ վարչապետն էլ՝ իր ծրագիրը։ Գիտե՛ք, ես չեմ նախանձում այն վարչապետին, որը հետագայում գալու է փոխարինելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա ունենալու է շատ ավելի վատ ժառանգություն, քան Փաշինյանն է ժառանգել»,- ասաց  Բաբայանը։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահի համոզմամբ՝ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պարագայում, ընդդիմադիրների հետ մեկտեղ, այդ որոշմանը կողմ քվեարկեն նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

«Եթե վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես սկսվի, չի բացառվում, որ դրան կողմ քվեարկեն նաև «Իմ քայլից». սա պետք չէ բացառել։ Այն թիմը, որը ձևավորվել է ոտքի վրա՝ շատ արագ, չի կարող ունենալ այն կուռ ամրությունը, որը պետք է: Ես չգիտեմ, թե այդ մարդիկ այդ խրամատն ինչպես կպահեն, գուցե այն շատ արագ լքե՞ն»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս