«Ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել». Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում վիճաբանության մասին

Ավելի քան մեկ տարեկան 7-րդ գումարման Ազգային ժողովը որևէ ակներև բացթողում չի ունեցել. լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բայց ամեն դեպքում, մեկ բացառություն գործադիրի ղեկավարը հիշեց. «Երկու օր առաջ ինչ-որ մարդիկ ԱԺ-ում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում ընդհարում էր տեղի ունեցել ԲՀԿ-ի մի քանի պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև: Քրեական ենթամշակույթը քրեականացնելու օրենքի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք էլ են դեմ հանցավորությանը, բայց մարդուն պետք է դատել իր կատարած արարքի համար, և ավելացրել էր. «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, միայն մեկ հուշում անեմ, այդ գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացողություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»:

Ելույթին անդրադարձել էր Արման Բաբաջանյանը և այն որակել էր խայտառակություն և հույս հայտնել, որ Գևորգ Պետրոսյանի փոխարեն՝ «Բարգավաճ Հայաստանից» որևէ մեկը ներողություն կխնդրի, ինչը արժանացավ իշխանական պատգամավորների ծափահարություններին: Այս ամենից հետո ԲՀԿ-ական պատգամավորների և Արման Բաբաջանյանի միջև վիճաբանություն սկսվեց, միացան նաև իմքայլական պատգամավորները: Արարատ Միրզոյանը կոչ արեց կա՛մ հերթագրվել՝ նոր խոսել, կա՛մ գնալ «հայաթ, բեսեդկում լռվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս