«Փաշինյանը կամ մեզ է էշի տեղ դրել, կամ՝ ինքն իրեն. որևէ թիվ իրականության հետ աղերս չունի». Արթուր Համբարձումյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հերթական «100 փաստը՝ նոր Հայաստանի մասին», որում անրդադարձ կար նաև աղետի գոտում կատարված աշխատանքներին:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989թ. ձգվող կառավարության պարտավորության ամբողջական իրացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, և 2020թ. բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ:
Արդյունքում՝ 2020թ. կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019թ. հատկացրել է 1.3 մլրդ դրամ»,- ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում ՇՊՀ դասախոս, ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանը նկատեց. «Փաշինյանն ասում է, որ նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք: Այսինքն՝ ըստ վարչապետի՝ 20-30 տարվա ընթացքում 1000 ընտանիք է բնակարան ստացել:
Ստացվում է, որ մինչև Հայաստանի փրկչի գալը նախկին կոռումպացված իշխանությունները Գյումրիում կառուցել են կամ բնակարանների գնման վկայականով տրվել է միայն 1000 ընտանիքի: Հիմա ինքը եկել է և միանգամից 453 ընտանիքի խնդիր կլուծի:
Այսինքն՝ ինչքան որ լուծվել է նախկին իշխանությունների օրոք 20-30 տարվա ընթացքում, ինքը մի տարում դրա կեսը կլուծի: Ես նույնիսկ չգիտեմ՝ ոնց անդրադառնալ այս թվերին: Նորմալ լեքսիկայով այս թվերին չեմ կարող անդրադառնալ: Բացի այդ, նա նախկինում ասում էր, որ բնակարանների գնման վկայականը արտագաղթը խրախուսող ծրագիր է և խնդիրը պետք է լուծվի նոր շինարարության միջոցով: Թվերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը: Որևէ թիվ իրականության հետ որևէ աղերս չունի: Փաշինյանը կամ մեզ է էշի տեղ դրել, կամ՝ ինքն իրեն»:
Արթուր Համբարձումյանն ասաց, որ հենց այս պահին ցանկացած լրագրողի կարող է տանել Գյումրիի որևէ թաղամաս, որտեղ 300 ընտանիք ապրում է տնակների մեջ.
«Գուցե Փաշինյանը Գյումրի ասելով՝ միայն մեկ թաղամաս նկատի ունի: Մի հատ պետք է հարցնել՝ Գյումրի ասելով՝ ի՞նչ նկատի ունես, գուցե միայն մեկ թաղամաս նկատի ունի: Այս կարգի ստորությո՞ւն: Դու ինչո՞ւ եք քո արածը մեծացնում, նախկինների արածը փոքրացնում: Ո՞նց կարող է այս 20-30 տարվա ընթացքում Գյումրիում ընդամենը 1000 ընտանիքի հարց լուծված լինել: Նման բան գոյություն չունի»: