Երևանի թիվ 92 մանկապարտեզի՝ աշխատանքը կորցրած 22 մասնագետների հետ նոր պայմանագիր են կնքել
Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը վերականգնել են իրենց բնականոն աշխատանքը:
Հիշեցնենք՝ Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել էր, 22 մասնագետների աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 31-ին:
Իսկ Երևանի քաղաքապետարանը հունվարի 14-ին տեղեկացրել էր, որ համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:
«Ամբողջ թիմը հունվարի 17-ից կրկին աշխատում է: Նոր պայմանագիր է կնքվել մինչև ուսումնական տարվա վերջ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին մանկապարտեզի աշխատակիցները:
Հարցին, թե ի՞նչ խնդիր կա մանկապարտեզում, որն անհրաժեշտ է հրատապ լուծել, պատասխանեցին, որ սայլակների անհրաժեշտություն կա, ինչպես նաև աթոռների, որոնք անհատական են լինելու, քանի որ այն կախված է երեխայի հասակից և խնդիրներից: Գլխի, ոտքերի հատվածը հարմարեցված է:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզում գործող խմբերը երեքն են, հաճախում են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 24 երեխաներ: