Բաժիններ՝

«Առաջին հերթին աշխատում ենք հոսանքը վերականգնելու ուղղությամբ». Նարեկ Բաբայանը՝ Մամուլի շենքի մասին

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 13:41-ին, մարվել՝ 14:03-ին:

ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:

168.am-ի հետ զրույցում, սակայն, Մամուլի շենքում տեղակայված «Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանն ասել էր, որ  խմբագրության կեսն «այրվել» է:

«Պատերը լրիվ սևացած են, հրդեհաշիջման ժամանակ ջուրը լրիվ ներս է լցվել: Մինչև ռեմոնտ չարվի՝ հնարավոր չէ այնտեղ մտնել-աշխատել: Փրկարարները ջարդուխուրդ են արել դուռը, պատուհանը: Լրիվ մուր է ու սևացած: Խմբագրությունը շարքից դուրս է եկել: Մամուլի շենքում շատ խմբագրություններ կան, բոլորը տուժելու են, քանի որ շենքում լույս չկա,   մալուխների հարցի լուծման համար 10 օրից ավելի  ժամանակ է պետք, այդ ընթացքում ինչպե՞ս ենք աշխատելու»,- նշել էր խմբագիրը:

Ի դեպ, թերթը մինչ այսօր չի հրապարակվում, որովհետև բացի տարածքային վնասներից՝ շարքից դուրս է եկել նաև կազմակերպչական տեխնիկայի մեծ մասը:

«Առավոտ» թերթի ու կայքի խմբագրությունները նույնպես Մամուլի շենքում են գտնվում ու կրկին տուժել են հրդեհից:

Ինչպես գրել էր «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, հրդեհի հետևանքներից մեկն այն էր, որ վնասվել են էլեկտրականության մալուխները, և շենքը հոսանքազրկվել է:

«Մալուխները պետք է վերականգնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն, որը շենքի սեփականատերն է: Ինչպես հայտնի է, պետական մարմինները դանդաղաշարժ են (անգամ հեղափոխությունից հետո). Մինչև հանձնաժողով ստեղծվի, մինչև հանձնաժողովը որոշի, թե ինչ է եղել և ով է մեղավոր, մինչև նոր մալուխներ գնեն և որոշեն, թե ով է այդ մալուխները փոխելու՝ այդ ամենը կարող է շաբաթներ տևել»,- իր մտահոգությունն էր հայտնել Արամ Աբրահամյանը:

168.am-ի հետ զրույցում Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ իրենք առաջին հերթին աշխատում են հոսանքը վերականգնելու ուղղությամբ, քանի որ բոլոր 80-90 հաշվիչներն այրվել են, ու նաև մի քանի հարկի մալուխներ են շարքից դուրս եկել ամբողջությամբ:

«Մենք ՀԷՑ-ի ու մնացած կառույցների հետ շատ ինտենսիվ աշխատում նք, որ կարողանանք սկսել վերականգնել»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Վերջինս նշեց նաև, որ «Նովոյե վրեմյայի» և մյուսների կրած վնասները երկրորդական են այդ իմաստով:

«Այսինքն՝ նախ այդ հարցը կարգավորենք, որից հետո վնասների փոխհատուցումից որևէ մեկը չի խուսափելու: Մենք վստահեցնում ենք, որ կրած վնասները  կվերականգնվեն, ինչը վերաբերում է թե կոմունիկացիաներին, թե փլուզված առաստաղին, և թե մյուս տեսակի վնասներին»,- նշեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք մալուխների վերականգնման մոտավոր ժամկետ նշել, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ երևի թե վաղը նոր կկարողանա ստույգ ժամկետ ասել:

«Հիմա մենք սպասում ենք արդարադատության փորձաքննության մասնագետներին, որ իրենք ուսումնասիրությունները նույնպես ավարտեն, որից հետո մնացած աշխատանքները երևի թե վաղվանից կսկսվեն: Այսինքն՝ կոնկրետ որ սկսեն նոր հաշվիչների տեղադրումն ու մալուխների մոնտաժը, այդ պահից նոր հնարավոր կլինի հասկանալ՝ մոտավորապես քանի օրում կվերջացնեն»,- եզրափակեց Նարեկ Բաբայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս