Ինքնավստահությունս վերականգնեցի Կուրսովային հաղթելուց հետո. Մարիա Գևորգյան
Հայաստանի շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնությունում բեկումնային պահ է համարում Մարիա Կուրսովայի հետ խաղում տոնած հաղթանակը:
«Առաջին պարտիան երկկողմանի սխալներով սկսեցինք (հեղ. Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան): Ամեն տարի մեկնարկում լավ չեմ խաղում, վերջնախաղում բախտս բերում է և կարողանում եմ ոչ-ոքի ավարտել պարտիան, բայց ոչ այս տարի: Առավել ինքնավստահություն ձեռք բերեցի Մարիա Կուրսովային հաղթելուց հետո»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը:
Անդրադառնալով մրցակիցներին Գևորգյանը շեշտեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ կանանց մրցաշարը ևս ուժեղ կազմ է հավաքում, և մրցակցությունն ավելի բարդ է:
Հայաստանի չեմպիոնն այս տարի կմասնակցի Համաշխարհային օլիմպիադային և պլանավորում է ուժերը փորձել Եվրոպայի անհատական առաջնությանը:
Հայաստանի շախմատի կանանց 75-րդ առաջնությունում Մարիա Գևորգյանը, 9 հնարավորից հավաքելով 8 միավոր, 4-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն: Գևորգյանը չեմպիոն էր դարձել նաև 2016, 2017 և 2019 թվականներին: