ԱՍՀ նախարարությունը չապահովեց օրենքի պահանջի կատարումը. բարեփոխումների ժամկետները նորից հետաձգելու են
Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:
Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:
Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն իրական դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Վերջինիս մասին արդեն 2 տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն նոր դրսևորումներ է ստանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին: Հետևանքներն էլ լինում են՝ պահպանվող ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը, ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները:
Մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար: Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն 1 տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ նոր կառավարության առաջարկով:
Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ՝ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:
Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս գործընթացն ավարտին հասցնելու նպատակով նախատեսվում է օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման (հավաքագրման և տեսաներածման) աշխատանքների ժամկետը: Նախարարության տարածած այս հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, միայն բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը:
Իրականում այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավել ժամանակ:
Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց խիստ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող