«Նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին՝ նշեց, որ որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել, քանի որ վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր:

«Ես չգիտեմ, թե ինչու դահլիճում որոշ մարդիկ իրենց համարեցիր հասցեատեր, բայց ես որևէ մեկին վիրավորանք չեմ հասցրել: Ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի այլ անհրաժեշտ ուղղություններով»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է իր ելույթին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ժողովուրդը թող դրանք գնահատի, ինքը որևէ գնահատական չի կարող տալ:

«Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ, եթե որևէ մեկը կասի, թե որն է եղել մեր կողմից հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել: Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք, և որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել:

Այս ի՞նչ երկրում ենք ապրում, եթե պատգամավորը չունի խոսքի ազատության իրավունք, բա ո՞ր պաշտոնյան ունի: Մենք խաղաղ մեր տեղը նստած ենք, եթե այնտեղ ինչ-որ մեկը կուզի այս ամենին շարունակություն փնտրել, ապա թող գա որոնի: Արման Բաբաջանյանն ինչ-որ ոգևորության հերթական փուլն էր ապրում, ամեն ինչ դրանից սկսվեց: Իմ ելույթից հետո դահլիճում չեմ եղել, նա ասել է՝ ինչ-որ մեկը իմ փոխարեն պետք է ներողություն խնդրի. տղա ջան՝ ինչ-որ մեկը չէ, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս, ինչի համար պետք է ներողություն խնդրեմ: Ինչ-որ մեկը թող փորձի իմ «թասիբը» վիրավորի, նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի»,- ընդգծեց նա:

Ըստ նրա, ինչո՞ւ Արման Բաբաջանյանը ժամանակին չէր ասում, որ «թաթիկներ կտրելը» բռնության քարոզ է:

Տեսանյութեր

Լրահոս