Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով. ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը

Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)՝ իր հիմնադրման 45-ամյակի առթիվ:

Հայտարարությունում ասվում է.

«Արդարությունը, ժողովրդների դատը, արդար պահանջատիրությունները անտեսվում են ու հեգնանքի արժանանում, երբ չեն պաշտպանվում կազմակերպված ուժով։

55 տարի առաջ, 1965 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում, կես միլիոն ժողովուրդ խորհրդանշականորեն քայլեց դեպի բռնագրավված Արարատ եւ ի լուր աշխարհի բացականչեց. «Մեր հողե՜րը, մեր հողե՜րը…», եւ այդ քայլը եղավ այն բոցաշունչ եւ վճռական ուժական պայքարի կոչը, որն սկիզբ դրեց Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին։

Ութը տարի հետո, 1973 թվականի հունվարի 27-ին, Եռաբլուր պանթեոնում ննջած, ծննդով Կարնեցի հերոս Գուրգեն Յանիկյանը, հեռավոր Կալիֆոռնիայում, արձակեց ուժական եղանակով պայքարի առաջին փամփուշտները, զգետնելով թուրքական պետության երկու ներկայացուցչի։

Հերոս Յանիկյանը ԱՍԱԼԱ-ի հիմնադրման առիթով իր բանտախցից կոչ ուղղեց հայ ժողովրդին, հայտարարելով՝ «Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացվում են, ազատության եւ արդարության բառերը կորցնում են իրենց իմաստը եթե նրանք չեն պաշտպանվում անհատների ուժեղ բռունցքով: Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը իմանա, որ դեռ մարդկության ամբո՜ղջ պատմության ընթացքին ո՛չ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան ոսկե սկուտեղի վրա:

Ո՛ւժն է թելադրում մարդկանց գործերը եւ ո՛չ թե փառաբանված սերն ու գթությունը: Հայ ազատագրության գաղտնի բանակը ա՛յն բռունցքն է, որը կազմեցին հայ անհատները, այդ կենդանի բռունցքն է, որ պիտի ծնկի բերի մեր թշնամի թուրքին եւ դնե մարդկության առաջ իր իրավացի պահանջները, ու առաջարկի, որ վերջապես մեղավորները ընդունեն իրենց սխալները ու ուղղեն»:

Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից սկսյալ ամբողջ 65 տարի, մինչեւ 20 հունվարի 1975 թվականը՝ ԱՍԱԼԱ-ի ծնունդը, աշխարհը լռում էր Թուրքիայի կողմից հայության դեմ պետական մասշտապով իրականացված ցեղասպանության եւ հայրենազրկության նկատմամբ, ամբողջովին անտեսելով հայերի կողմից քաղաքակիթ եղանակով ներկայացված պահանջները, խնդրագրերը եւ նույնիսկ ցույցերը։

Պայքարի ծնունդն ու շարունակությունը իրակություն դարձավ մեծ զոհողությունների շնորհիվ,հայ մտքի եւ բազկի մեկտեղման՝ հայ հանձնառու եւ նվիրյալ մի խումբ մտավորականների եւ հմուտ, մեծաթիվ, հաճախ իրար անճանաչ պայքարողների ջանքերի եւ զոհաբերության շնորհիվ։ Եվ Եռաբլուրի նահատակների շիրմաքարերը խորհրդանշում են այն բոլոր նվիրյալների զոհողությունները, որ պայքարել ու շարունակելու են պայքարել հանուն հայության ոտնահարված եւ անսակարկելի իրավունքների, ովքեր աշխարհի տարբեր ծայրամասերում զոհեցին իրենց կյանքը, ովքեր տարիներ ապրեցին ընդհատակյա, ովքեր տառապեցին բանտային պայմաններում, եւ այն բոլոր ընտանիքների զոհողությունը, որ առանց այդ անկարելի կլիներ արձանագրել որեւե հաջողություն։

Այսօր, Հայաստանի արեւելյան հատվածի մի մասի անկախությունից 30 տարի անց, փաստվում է, որ 1975 թվականով բարձրացված պայքարի դրոշը երազային չէր։ Տարածաշրջանային զարգացումները մեր դիմաց նոր հորիզոններ են բացում եւ ժամանակին անհնարին թվացող Հայոց ոտնահարված իրավունքների եւ բռնագրավված պատմական հայրենիքի տարածքների ազատագրումը ավելի քան երբեք դարձել է իրատեսական, ինչը, բնականաբար պահանջում է առավել կազմակերպվածութույն, շրջահայացություն եւ ՀՀ-Սփյուռք ներդաշնակ գործունեություն։

1975թ.-ի Նորագույն ազգային ազատագրական պայքարի 45-ամյակը շնորհավորում ենք հերոսական պայքարներ հաղթահարած հայ ժողովրդին։ Թող, որ մեր էության խորքում եւ բազկի վրա կրենք այդ պայքարը շարունակելու վճռական ուխտը, միասնաբար գլուխ խոնարհելով պայքարի ճամփին իրենց կյանքը զոհաբերած բոլոր նվիրյալների հիշատակի առջեւ։

Վերջնական հաղթանակը լինելու է՝ մերը։

 

Տեսանյութեր

Լրահոս