«Ծնունդներն ավելացնում ենք՝ ծննդաբերող կանանց ծննդաբերելու ցանկությունը ավելացնելով». Արսեն Թորոսյան

Ծննդատների փակման վերաբերյալ բողոքի ակցիաներից հետ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլիսը սկսեց՝ խոսելով 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանի մասին: Նա վստահեցնում է՝ ծննդատներին կարգեր շնորհելու նախագիծն իրենն է. նախկինները, ըստ նրա՝ այս հարցում որևէ գործ չեն արել: Որպես նախաբան՝ նախարարը մանրամասնեց ծննդատների գնահատման ձևաչափերը ու նշեց՝ բոլոր համայնքները, բոլոր ծննդատներն այդ գնահատման չափանիշերի մասին իմացել են դեռ 2018 թվականից:  Թորոսյանը նաև ասաց, թե իրենց սկսած գործընթացը լինելու է շարունակական:

«Սրանք գյուղական ամբուլատորիաներ են, որոնք վերանվանվել են առողջության կենտրոնների, սակայն սովետական ժամանակաշրջանում ունեցել են նաև ստացիոնար ծառայություններ, որոնց շատ փոքր թիվը մինչև օրս պահպանվել է»,- անդրադառնալով վերջին օրերին աղմուկ հանած առողջության կենտրոններին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մարալիկում, 2018-2019 թթ համեմատությամբ, 126-ի փոխարեն՝ ունենք 102 ծնունդ, Աչաջուր՝ 88-79, Արտենի՝ 41-26, Ծաղկահովիտ՝ 48-63, Արծվաբերդ՝ 14-10, Քաջարան՝ 42-46, «Նաիրի» (Եղվարդ)՝ 119-136»,- ասաց Ա. Թորոսյանը:

Առողջապահության նախարարը վստահ է, որ  150 ծնունդը շատ ցածր թիվ է՝ ծննդօգնության ծառայություններն արդարացված համարելու, ծախս-արդյունավետության և որակի տեսանկյունից:

«Մենք ուզո՞ւմ ենք մանկական, այսինքն՝ նորածնային և մայրական մահացությամբ լուրջ զբաղվել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք, եթե այդ սկզբունքը բոլորի համար ընդունելի է, այդ սկզբունքից եթե դուրս ենք գալիս, ապա մեր քաղաքականությունը միանշանակ ճիշտ է: Եթե ընդունելի չէ, ուրեմն՝ մենք լուրջ պրոբլեմ ունենք մեր երկրում»,- խոսելով ծննդատների փակման մասին՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը չի ժխտում, որ այդ ծննդատներում նորածինների ու մայրերի մահեր չեն եղել, բայց վստահեցնում է՝ այդ ծննդատները չունեն նաև անհրաժեշտ պայմանները:

Ծննդատների փակման լուրը լսելիս՝ շատերը սկսեցին մեղադրել Արսեն Թորոսյանին, թե ծննդատուն փակելով՝ ծնելության թիվ ինչպե՞ս կարելի է ավելացնել:

«Ծնունդներն ավելացնում ենք՝ պատշաճ ծառայություններ մատուցելով և ծննդաբերող կանանց ծննդաբերելու ցանկությունը ավելացնելով», -ի պատասխան՝ ասաց Արսեն Թորոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս