«Իրանի երկինքն անվտանգ է բոլոր թռիչքների համար». զինված ուժերի գլխավոր հրամանատար
Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբեւէ: Այդ մասին, ինչպես հայտնել է IRNA լրատվական գործակալությունը, հունվարի 14-ին Թեհրանում հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմա Մուսավին։
«Իրանական երկինքն այսօր ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբեւէ»,-ընդգծել է նա: Մուսավին նաեւ ասել է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մատնանշել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) եւ մյուս ստորաբաժանումների միջեւ կոորդինացման կարեւորությունը երկրի հակաօդային համակարգի ճշգրիտ աշխատանքն ապահովելու համար»:
Զինված ուժերի գլխավոր հրամանատարը վստահ է, որ «մարդկային սխալը, որն անցյալ շաբաթ հանգեցրեց ուկրաինական ինքնաթիռի կործանման, կասկածի տակ չի դնի ԻՀՊԿ-ի ակնառու ձեռքբերումները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: