«Հիմա մենք ո՞ւմ հավատանք՝ մարդուն, ով պրոցեսի մասնակից է ու մեղադրյա՞լ է դարձել, թե՞ պաշտոնատար անձին, ով չպետք է որ կապ ունենա կոնկրետ քրեական գործի հետ». Տիգրան Աթանեսյան
Շաբաթ օրը Tert.am կայքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրադառնալով իր պաշտպանյալ Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորման փաստին՝ ասել էր, որ Նորայր Փանոսյանին առաջարկել են համագործակցել նախաքննության մարմնի հետ, կոպիտ ասած՝ «ծախել» ընկերոջը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, զրպարտել նրան և չնստել: Հարցի շուրջ 168.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:
Մեր այն դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ իր հայտարարությունը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կհերքի, վերջինս պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ինչը պետք է հերքեն:
«Եթե իմ հարցազրույցը ուշադիր լսել են, ես այնտեղ ասել եմ, որ «դուզ խոսքը էշին են ասում», այսինքն՝ ես ասել եմ, որ այդ բառերով, այդ ձևով իմ ներկայությամբ առաջարկ չի եղել, բայց կան բառեր, ու մարդիկ անիմաստ չեն խոսում, ու նրանց խոսքից հասկացվում է միանշանակ: Օրինակ՝ իսկ ինչո՞ւ ցուցմունք չի տալիս, չի համագործակցում մեզ հետ: Այսպիսի արտահայտություններ են եղել, որոնք, հասկանալի է, թե ինչ են նշանակում»,- ասաց Նորայր Փանոսյանի պաշտպանը՝ նշելով, որ այդ արտահայտությունն իր ներկայությամբ է արվել:
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ինքն այդ արտահայտությունը չի արել, որ ՀՔԾ-ն մեկնաբանի:
«Ես մեր հանրությանն եմ տեղեկացնում, թե ինչ է կատարվում: Բնական է, որ ՀՔԾ-ն կասի՝ նման բան չի եղել, բացառում ենք, և այլն, և այլն… Ենթադրում եմ, իրականում ինձ չի էլ հետաքրքրում, թե իրենք ինչ կասեն»,- ասաց պաշտպանը:
Վերջինս նշեց, որ քրեական վարույթների ընթացքում լինում են համագործակցության առաջարկներ: Դա քննիչի հայեցողական լիազորությունների շրջանակներում է ու այդ տրամաբանության մեջ է տեղի ունենում:
Մեր հարցին, թե պնդո՞ւմ է, որ Նորայր Փանոսյանի շուրջ տեղի ունեցող գործողությունները, ինչպես նաև մամուլի այն հրապարակումը, որ Սահմանադրական դատարանի դատավորներին կփորձեն կոմպրոմատների միջոցով ստիպել գրել վաղ կենսաթոշակի անցնելու դիմումը, միտված են սոսկ ամեն գնով ՍԴ ներկայիս նախագահից ու կազմից ազատվելուն, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ քրեական գործի նյութերում ինքը չի տեսնում Փանոսյանի վերաբերյալ որևէ հանցակազմ:
«Բոլորս էլ այս երկրում ենք ապրում, հասկանում ենք ու չենք կարող ջայլամի նման ապրել, պարզ է, որ այս ամենը կատարվում է Հրայր Թովմասյանին ճնշելու ու պաշտոնից ազատելու համար: Ինչ վերաբերում է կոմպրոմատներին, դա ապօրինի գործողություն է: Փաստորեն, եթե այդպես է, ուրեմն անձնական կյանքի մասին ապօրինի տեղեկություններ են հավաքում»,- ասաց փաստաբանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր հայտարարել է, թե անկախ նրանից՝ կգրե՞ր, թե՞ ոչ վաղ կենսաթոշակի անցնելու դիմումը ՍԴ նախագահը, նրա նկատմամբ այդ քրեական գործը հարուցվելու էր, եթե իրավապահները գնային այն ճանապարհով, որով գնացել են: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս հայտարարությունը, Տիգրան Աթանեսյանն ասաց.
«Ուղիղ հակառակն էլ Հրայր Թովմասյանն է հայտարարում: Հիմա մենք ո՞ւմ հավատանք՝ մարդուն, ով պրոցեսի մասնակից է ու մեղադրյա՞լ է դարձել, թե՞ պաշտոնատար անձին, ով չպետք է որ կապ ունենա կոնկրետ քրեական գործի հետ»:
Պաշտպանը նշեց նաև, որ Նորայր Փանոսյանի մասով բավականին ծավալուն վերաքննիչ բողոք են գրել, որն այսօր անպայման կներկայացնեն դատարան:
ՀՔԾ-ից Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ասացին, որ, եթե կան նման տվյալներ, ապա պաշտպանը կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:
Տիգրան Աթանեսյանը, սակայն, մեզ հետ զրույցում նկատեց, որ խոսքը հանցագործության մասին հաղորդում տալուն չի վերաբերում, այլ նրան, որ եղել է «համագործակցության» առաջարկ, և բոլորն էլ հասկանում են, թե դա իրենից ինչ է ներկայացնում, և այո, ինքը պնդում է, որ իր պաշտպանյալը կալանավորված չէր լինի, եթե ցուցմունք տար Հրայր Թովմասյանի դեմ: