«Եթե Նիկոլ Փաշինյանը պատասխաներ Արթուր Վանեցյանին, նա շատ ավելի կտրուկ կարձագանքեր». Մենուա Հարությունյան
«Փաշինյանների ընտանիքը անհանգստացած է այն փաստով, որ Արթուր Վանեցյանը իրենց մասին ինչ-որ գաղտնիքների է տիրապետում». քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն այս տպավորությունն է ստացել՝ կարդալով վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Երեկ «Հայկական ժամանակ» կայքը գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի, և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է ընթանում, և, որ այն համակարգում և ներշնչում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վարչապետի դուստրը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր հրապարակումը, պատմել իրենց և Վանեցյանների ընտանիքների երբեմնի ջերմ հարաբերությունների մասին և ափսոսանք հայտնել, որ այդ ամենն անկեղծ չի եղել:
«Տպավորություն ստացա, որ իրենց դստեր միջոցով Արթուրին լսեցնում էին, որ՝ դու «մեր տան տղեն» ես եղել, մեր հարազատն ես եղել, մեր ընկերն ես եղել, հաց ենք կիսել իրար հետ, ընտանիքը սրբություն է, արժեհամակարգային բաներ էին լսեցնում, որ ավելի լավ է՝ վերադարձիր մեր ընտանիք, մենք գրկաբաց սպասում ենք քեզ, մեր ընտանիքի մասին գաղտնիքները չհրապարակես: Ծիծաղելի մակարդակի երկխոսություն էր: Արթուր Վանեցյանն էլ պետք է խորը հետևություններ անի, կամ խոսի այն մասին, ինչի մասին ասում էր, որ կասի, կամ իր մեջ որոշի, որ այլևս պետք չէ խոսել»,- ասաց Մենուա Հարությունյանը:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի արձագանքել, որ ցույց տա, թե չի ցանկանում իջնել այդ մակարդակի, սակայն այստեղ այլ նրբություն էլ կա:
«Եթե Նիկոլը պատասխաներ Արթուրին, նա շատ ավելի կտրուկ կարձագանքեր, ինչպես եղավ այն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց ուսադիրները աղբարկղը նետելու մասին, և Վանեցյանն ասաց, որ դեռ կտեսնենք՝ ինչը կամ ով կհայտնվի աղբարկղում: Երբ աղջկա մակարդակով է լինում, դառնում է «Մարիամ ջան, Արթուր ջան», ընտանեկան վիճակ է ստեղծվում»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:
Մենուա Հարությունյանի կարծիքով, եթե ԱԱԾ նախկին տնօրենը պետությանը սպառնացող վտանգի մասին է ուզում խոսել, ապա պետք է շուտ խոսի, եթե իր ասելիքը անձնական մակարդակի ինֆորմացիա է, ապա շատերին դա չի էլ հետաքրքրում: Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով՝ այս լուրը տարածած լրատվամիջոցի ուղղակի կապվածությունը վարչապետի հետ ցույց է տալիս, որ դա պետական միջոցառում էր:
«Հրապարակված անունները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք պետական քաղաքականության և մարդկանց կարծիքի վրա պետական ճնշումների հետ:
Այսօր մենք պետք է փաստենք, որ ունենք տհաճ մի միջադեպ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները վերլուծելու, քննարկելու փոխարեն՝ մենք քննարկում ենք օրիորդի գրառումները»,- ասաց Հովհաննիսյանը:
Պահեստազորի գնդապետը վստահ է՝ սա դաշտ նետված արհեստական թեմա չէ, վարչապետը զգուշացնում է, որ իրենց դեմ խոսողների նկատմամբ սկսվելու է հակաքարոզչություն և օգտագործվելու են իշխանական բոլոր լծակները: