Մեքենան 4000 դոլարով եմ գնել, մաքսազերծման գինը 20.000 դոլար է. Ավտոներկրողներ
Պետական եկամուտների կոմիտեի մոտ հավաքված ավտոներկրողները դժգոհ էին մաքսազերծման բարձր գներից: «Ունենք ստացականներ, թե երբ ենք մեքենաներ գնել: Պետք է ընդառաջեն, որ ներմուծածներն ու չներմուծածները հասցնենք մաքսազերծել 2019 թվականի գներով: Ես մի մեքենա մաքսազերծել եմ, պետական աշխատողը 20 րոպեում արել է: Իմ բերած մեքենան Mercedes-Benz Atego է, բեռնատար, 18300 եվրո՝ 20.000 դոլար է դարձել մաքսազերծումը, այն դեպքում, որ մեքենան 4000 դոլարով եմ գնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը:
«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանն էլ պարզաբանեց, որ ՊԵԿ-ի սխալ, չարդարացված, չտրամաբանված, չկշռադատված վարչարարությունն առաջացրել է ավտոներկրողների դժգոհությունը:
«Շատերը չեն հասցրել մաքսազերծել իրենց մեքենաները: Ավելին՝ 2013թ. մեքենան տարեսկզբին ներկրվել է այլ գնով, տարվա վերջին՝ այլ: Ավտոներկրողներից մեկը մոտեցել է Նորագավիթ, ճշտել տվյալ մեքենայի մաքսազերծման գինը, տեղեկացել, որ 2050 դոլար է, պատրաստված գնացել է Գյումրիի մաքսատուն, մեկ օր հերթ է կանգնել, երբ հաջորդ օրը հասել է հերթը, մաքսատան աշխատակիցն ասել է, որ մաքսազերծման գինը 3400 դոլար է»,- փոխանցեց Գևորգ Հովհաննիսյանը:
ՊԵԿ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել:
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից միության մաքսային տարածք ներմուծելիս ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերը հաշվարկվելու են արժեքի կամ մաքսային արժեքի համար սահմանված դրույքաչափով` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ավելացված արժեքի հարկը` ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն:
Փոխվելու է միայն բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի համար սահմանված դրույքաչափը. ներկայում գործող 10%-ի փոխարեն՝ լինելու է 15%: Իսկ մոտոցիկլետի և հեծանվի դեպքում պահպանվելու է 14% մաքսատուրքը:
Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի ու հեծանվի ներմուծումը և օտարումն ազատված են լինելու ԱԱՀ-ից` ըստ ՀՀ հարկային օրենսգրքի:
Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների համար շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ: Մոտոցիկլետի և հեծանվի համար բնապահպանական հարկ սահմանված չէ:
Ի դեպ, ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար ներմուծվող բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենայի, մոտոցիկլետի և հեծանվի արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի: Իսկ իրավաբանական անձանց դեպքում մաքսային արժեքը հայտարարագրվում է ապրանքային հայտարարագրում` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի: Եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կամ մաքսային արժեքը կսահմանի մաքսային մարմինը:
Կարևոր է իմանալ, որ, եթե տրանսպորտային այս միջոցները ներկրեն 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու են «ապրանքային» և «ուղևորային մաքսային հայտարարագրերը»: Դրանց հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրեք, օրինակ, դեկտեմբերի 30-ին, ունենաք «տարանցման հայտարարագիր», բայց «ուղևորային մաքսային հայտարարագիրը» կամ «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ.-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը»,- նշված է ՊԵԿ հայտարարության մեջ: