Բաժիններ՝

Պատվաստումներ մեծարող և իմունիզացիայի 2020-ի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարն այս տարի ծախսել է իմունիզացիայի համար նախատեսված բյուջեի կեսը․ Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևրոգ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ պատվաստումներ մեծարող և իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարն այս տարի ծախսել է իմունիզացիայի համար նախատեսված բյուջեի կեսը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«Ամիսներ առաջ (նոյեմբերին) առողջապահության նախարարությունը վերջապես «հայտարարեց», որ գրիպի պատվաստանյութը ուշացումով, բայց արդեն հասանելի է առողջության առաջնային պահպանման կենտրոններում: Դեռ այն ժամանակ ես բարձրաձայնեցի, որ գրիպի դեմ պատվաստումը պետք է իրականացվի գրիպ հիվանդությանը բնորոշ սեզոնից (նոյեմբեր-փետրվար) 2 ամիս առաջ, սակայն դա մնաց ֆեյսբուքի և լրատվականների մակարդակում, այնինչ դա լուրջ խնդիր էր, որը պահանջում էր ուշադրություն երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով:

Արդյունքում, այսօր Հայաստանում գրեթե ամեն 3-րդ անձը տառապում է գրիպով: Երեկ տեղեկացա, որ կա նաև զոհ գրիպի H1N1 (խոզի գրիպ) շճատիպից:

Ցավալի է… Բայց կա նաև հետաքրքիր մի փաստ, որ պատվաստումներ մեծարող և իմունիզացիայի 2020 թվականի բյուջեն 43%-ով բարձրացնող նախարարը, այս տարի ծախսել է իմունիզացիայի համար նախատեսված բյուջեի կեսը (նկարը և տվյալը` minfin.am կայքից):

Այսինքն կարող եմ ենթադրել, որ նախատեսված բյուջեն չկատարելու պատճառով մենք ունենք գրիպից կոլեկտիվ պաշտպանվածության մակարդակի անկում և նույնիսկ զոհ:

Սա ազգային անվտանգության հարց է և կարծում եմ, որ ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ ՊՆ-ն պետք է հստակ հարցադրումներով հանդես գան և պահանջեն հստակ հաշվետվություն Առողջապահության նախարարությունից, թե`

1. ինչո՞ւ է այս տարի գրիպը այսքան տարածված
2. որտեղի՞ց հայտնվեց H1N1 շճատիպը
3. ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը թերի ծախսել իմունիզացիայի համար նախատեսված բյուջեն

Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և մենք պատերազմի մեջ ենք նենգ հակառակորդի հետ, ով չի վարանի օգտագործել նույնիսկ կենսաբանական զենք:

Ցավոք, բայց երկրի ղեկավարությունը չունի բավարար գիտելիք և ունակություն, որպեսզի նման հարցերին տա ճիշտ մոտեցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս