Համաշխարհային բանկը 2020 թվականին աշխարհի տնտեսության աննշան աճ է կանխատեսում

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2019 թվականի 2,4 տոկոսից 2020 թվականին կաճեն մինչեւ 2,5 տոկոս, 2021 թվականին՝ մինչեւ 2,6 տոկոս, 2022 թվականին՝ մինչեւ 2,7 տոկոս: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները»՝ չորեքշաբթի օրը հրապարակված հունվարյան զեկույցում: Այս տարի փաստաթուղթը կրում է «Տնտեսական աճի ցածր տեմպերը, քաղաքական խնդիրներ» անվանումը։

«2020 թվականին համաշխարհային տնտեսության աճը փոքր-ինչ կարագանա եւ կհասնի 2,5 տոկոսի՝ ներդրումների եւ առեւտրի աստիճանական վերականգնման ֆոնին՝ նախորդ տարիների էական անկումից հետո, սակայն այդ ցուցանիշների նվազման ռիսկերը պահպանվում են»,- նշել են զեկույցի հեղինակները:

Աննշան աճ տեղի կունենա նաեւ «պարտքի ծավալների մեծացման եւ արտադրողականության աճի դանդաղման ֆոնին»: ՀԲ-ն ըստ որում 2020 եւ 2021 թվականներին համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի իր կանխատեսումը 0,2 տոկոսային կետով վատացրել է իր հունիսյան կանխատեսման համեմատությամբ (2020 թվականին 2,7 տոկոս, 2021 թվականին՝ 2,8 տոկոս):

Սպասվում է, որ զարգացած տնտեսությամբ երկրների խմբում աճը 2019 թվականի 1,6 տոկոսից 2020 թվականին կդանդաղի մինչեւ 1,4 տոկոս, ինչը «մասնակիորեն պայմանավորված կլինի մշակող արդյունաբերության բնագավառում կոնյունկտուրայի պահպանվող թուլությամբ»: Կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ի տնտեսության աճը 2019 թվականի 2,3 տոկոսից այս տարի կդանդաղի մինչեւ 1,8 տոկոս, ինչը կդառնա «ավելի վաղ ձեռնարկված մաքսերի բարձրացման եւ անորոշության աճի բացասական հետեւանքների արտացոլումը»: Եվրոյի գոտում տնտեսական աճի տեմպերի կանխատեսումը վերանայվել է նվազման կողմը. «Ինչպես սպասվում է, դրանք (2019 թվականի 1,1 տոկոսից) կնվազեն մինչեւ 1 տոկոս արդյունաբերության բնագավառում ցածր ակտիվության ֆոնին»:

ՀԲ-ն առանձնացնում է մի շարք ռիսկեր, որոնք կարող են դանդաղեցնել համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: Դրանց թվին են դասում «առեւտրի բնագավառում լարվածության եւ առեւտրական քաղաքականության ոլորտում անորոշության նոր սրումը, խոշորագույն երկրների տնտեսության բնագավառում ավելի կտրուկ, քան սպասվում էր անկումը եւ ֆինանսական ցնցումները ձեւավորվող շուկայով երկրներում եւ զարգացող երկրներում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս