«Նման առաջարկ չեմ ստացել». Վարդան Արամյանը՝ փոխվարչապետ նշանակվելու լուրերի մասին

«Իրատես» թերթը երեկ իր հոդվածներից մեկում գրել էր, որ կառավարման համակարգում սպասվում են կադրային փոփոխություններ, քանի որ առաջիկայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին և կզբաղեցնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, իսկ Մհեր Գրիգորյանի փոխվարչապետի աթոռը կզբաղեցնի կա՛մ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Վաչե Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ այս հարցն իր հետ որևէ մեկը չի քննարկել։

Վարդան Արամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նման առաջարկ չեմ ստացել»։

Հարցին՝ եթե առաջարկ լինի, կզբաղեցնի՞ փոխվարչապետի պաշտոնը, նա պատասխանեց. «Եթե-ով ընդհանրապես չեմ խոսում, քանի որ բազմաթիվ հանգամանքներ են կարևոր ցանկացած որոշում կայացնելու համար, դա այն հարցը չէ, որ ոտքի վրա կարող ենք ասել՝ «այո» կամ «ոչ»»,- շեշտեց նա։

Ճշտող հարցին՝ պատրա՞ստ է քաղաքական ներկայիս թիմի հետ աշխատելու, ՀՀ ֆինանսների նախկին նախարարն ընդգծեց.

«Ինքս աշխատում եմ միջազգային կառույցների հետ, ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում, նախկինում էլ չեմ զբաղվել և փորձել եմ միայն մասնագիտական դաշտում մնալ»։

Հիշեցնենք, որ Վարդան Արամյանը Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի սեպտեմբերից, 2018 թվականի իշխանափոխությունից հետո թողել է պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս