«Ինձ հետ որևէ մեկը որևէ բան չի քննարկել». Վաչե Գաբրիելյանը՝ փոխվարչապետ նշանակվելու լուրերի մասին

Երեկ «Իրատես» թերթը գրել էր, որ կառավարման համակարգում սպասվում է կադրային իրարանցում։ Ըստ թերթի, առաջիկայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին և կզբաղեցնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, քանի որ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Իսկ Մհեր Գրիգորյանի փոխարեն փոխվարչապետի աթոռը կզբաղեցնի կա՛մ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

168.am-ը Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարության ղեկավարից փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացել է։

«Ինձ հետ որևէ մեկը որևէ բան չի քննարկել այդ հարցի առնչությամբ, շնորհակալություն»,- ասաց Վաչե Գաբրիելյանը։

Հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի՞, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Արդեն ասացի, որ այդ հարցն ինձ հետ որևէ մեկը չի քննարկել»։

Հիշեցնենք, որ Վաչե Գաբրիելյանը 2018 թվականի ապրիլին նշանակվել էր փոխվարչապետի պաշտոնում, ամիսներ անց, սակայն, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխությունը, լքեց պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս