Չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ, սա վտանգավոր է. ԱՆ ներկայացուցիչները՝ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշման մասին
ՀՀ ԱՆ Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ու Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշման մասին:
«Այնտեղ բաժանմունք չի եղել, քանի որ բաժանմունքն ունի որոշակի չափանիշեր. կադրային, սարքավորումային հագեցվածություն և ֆունկցիաներ: Ասեմ, որ Մարալիկի առողջության կենտրոնը վերջին տարիներին ունենում է 106-110 ծննդաբերություն, այսինքն՝ շաբաթը 1-2: Չկա վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, հետևաբար՝ թողնել մանկաբարձական մահճակալների հետագա ծավալում, այն վտանգ է ներկայացնում: Հիմնական նպատակը մայրացող կանանց անվտանգության ապահովումն է: Մայրացող կանայք իրավունք ունեն ստանալ բարձր որակի բուժօգնություն»,- ասաց Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա փոխանցմամբ՝ շատ բժշկական կազմակերպություններ ինքնալուծարվել են: Օրինակ՝ Ջերմուկում, Գառնիում, Դսեղում, Մերձավանում: Նրանք իրենց հղիներին ուղղորդել են մոտակա ծննդական բաժանմունքներ, որպեսզի անվտանգ ծննդաբերեն: Այս քայլով կանխարգելում են մոր և նորածնի մահացությունը:
Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանն էլ նշեց, որ միջհամայնքային տրանսպորտի ոչ զարգացած լինելու պատճառով ընդամենը 4-5 գյուղի բնակչի են սպասարկում Մարալիկում:
«Առողջապահության նախարարությունը բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում մշակել է չափորոշիչ, համաձայն որի՝ ծննդօգնություն ծառայություն իրականացնող հաստատությունները դասակարգվում են առաջին, երկրորդ և երրորդ մակարդակների: Չափանիշերից մեկն է՝ տարեկան ունենալ նվազագույնը 150 ծնունդ: Մարալիկում վերջին 5 տարում նվազման միտում կա: 2015-2019թթ. 50 ծնունդ պակաս է եղել: Ցավոք, ամբողջ մարզում կա ծնունդների նվազում»,- հավելեց Լեյլի Ասլանյանը:
ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն էլ շարունակելով գործընկերոջ խոսքը՝ նկատեց. «Այստեղ սոցիալական բողոք է, խնդիրն այն է, որ աշխատատեղ է կրճատվում: Մենք չենք կարող որոշում կայացնել և բաժանմունք փակել: Կարող ենք ասել, որ որպես պետական գնորդ՝ ձեզանից ծառայություն չենք գնում, որովհետև կան այս կամ այն խնդիրները: Մենք ոչ մի կոպեկ փող չենք խնայում, ծնունդը որտեղ գնաց, նրա հետևից գնալու է գումարը: Ավելին՝ այս տարի մանկաբարձական ծառայությունը լինելու է բաց պայմանագրով, չի ֆիքսվելու պայմանագրային գումար. ինչքան կատարեցին՝ այնքան գումար են ստանալու:
Մենք ոչ թե աշխատավարձ ենք տալիս, այլ մատուցած ծառայության դիմաց ֆինանսական փոխհատուցում ենք կատարում: Երբ խոսում ենք բուժանձնակազմի հետ, տպավորությունն այնպիսին էր, որ իրենք ամեն օր լարախաղացի նման լարին են, զգույշ են, որ չսայթաքեն, և ամեն ծննդօգնությունը համարվում է հաջողություն, այսինքն՝ այս անգամ էլ ստացվեց:
Իհարկե, ուզում են պահպանել իրենց աշխատատեղը, բայց ՀՀ-ում պետք է բուժօգնության ցանկացած տեսակ համապատասխանի լիցենզիայի պահանջներին, իսկ այս դեպքում խոսք լինել չի կարող: Առնվազն 4 բժիշկ պետք է լինի, որ հերթապահություն իրականացնեն»:
Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետի փոխանցմամբ՝ բաժանմունքում 4 մանկաբարձ կա, որոնցից 2-ը կենսաթոշակի տարիքի են, 4 մանկական բուժքույր, որոնցից մեկը համատեղում է, և 4 մայրապետ, որոնցից 2-ը կենսաթոշակի տարիքի են: Այսինքն, խնդիրը վերաբերում է 7 բուժաշխատողի: Մեկ մանկաբարձ-գինեկոլոգն էլ ասել է, որ առանց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ այլևս չի աշխատի, քանի որ հասկանում է ռիսկերը:
Հիշեցնենք` հունվարի 7-ին Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված պարզաբանում էր տարածել։
Համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշերի՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։
«Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունն արդարացված չէ ծախս-արդյունավետության, և, թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի»,- նշված էր պարզաբանման մեջ։
Ըստ տվյալների`2018 թվականին Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին`105: