Բաժիններ՝

ՕՊԷՔ-ը նավթի դեֆիցիտի ռիսկեր չի տեսնում Մերձավոր Արևելքի իրադրության սրման ֆոնին

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) համաշխարհային շուկային նավթի մատակարարումների ընդհատումներ չի սպասում Մերձավոր Արեւելքում իրադրության սրման կապակցությամբ եւ հուսով է, որ տարածաշրջանում կոնֆլիկտի հետագա էսկալացիայից կհաջողվի խուսափել: Այս մասին լրագրողներին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) էներգետիկայի նախարար Սուխեյլ ալ Մազրուին, ում խոսքը փոխանցել է Bloomberg-ը։

«Մենք հուսով ենք, որ իմաստությունը երկուստեք կհաղթանակի, եւ կոնֆլիկտը կհաջողվի հարթել»,- կարծում է Մազրուին: «Շուկան այժմ մատակարարումներով ապահովված է, եւ մենք դրանց որեւիցե ընդհատում չենք կանխատեսում, միայն եթե իրադրությունը չհասնի աղետալիին, ինչը մենք նույնպես չենք սպասում»,- ասել է նա: Մազրուին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով մատակարարումների արգելափակման ռիսկեր չի տեսնում: Նախարարի խոսքով՝ ոչ ոք շահագրգռված չէ, որ նավթը թանկանա մինչեւ մեկ բարելի դիմաց 100 դոլար:

Նա նաեւ հայտնել է, որ ՕՊԷՔ+ ձեւաչափի մասնակիցները չեն պլանավորում արտահերթ հանդիպում անցկացնել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ կապված իրադրության պատճառով: Bloomberg-ը նաեւ փոխանցել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոյի խոսքը, որը պնդում է, թե Իրաքում նավթարդյունահանող օբյեկտները չեն տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս