Բաժիններ՝

2019 թվականին ոսկու գինն առավելագույն աճն է արձանագրել ինը տարվա ընթացքում. South China Morning Post

Ընթացիկ տարում ոսկու համաշխարհային գները բարձրացել են ավելի քան 15 տոկոսով՝ արձանագրելով առավելագույն տարեկան աճը վերջին ինը տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է South China Morning Post-ը:

Ընթացիկ շաբաթվա սկիզբի դրությամբ ոսկու մեկ ունցիայի արժեքը գերազանցել է 1480 դոլարը, ինչը 15,4 տոկոսով բարձր է 2018 թվականի վերջի մակարդակի համեմատությամբ: Սա խոշորագույն աճն է 2010 թվականից ի վեր, երբ թանկարժեք մետաղի գնի բարձրացումը մոտեցել էր 30 տոկոսին:

«Գների աճի գլխավոր գործոնն ընթացիկ տարում դարձել է տոկոսադրույքների գլոբալ նվազեցումը Brexit-ի շուրջ Եվրոպայում աշխարհաքաղաքական անորոշությունների սաստկանալու, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրական պատերազմի ֆոնին»,-նշել է AXI Trader ընկերության վերլուծաբան Ստեֆան Ինեսը: Նրա խոսքով՝ քաղաքական անորոշությունը գլոբալ ռեցեսիայի երկյուղների ֆոնին բազմաթիվ ներդրողների հարկադրել է ոսկի գնել: Մի շարք փորձագետների կարծիքով՝ այս միտումը կշարունակվի նաեւ հաջորդ տարի:

Ոսկու շուկայի գծով հոնկոնգցի մասնագետ Ջասփեր Լոյի կանխատեսումների համաձայն, 2020 թվականին այն կարող է թանկանալ 15-ից մինչեւ 20 տոկոսով եւ հասնել մեկ ունցիայի դիմաց 1774 դոլարի նշագծին:

«Առայժմ չկան այն բանի նախանշանները, որ Հոնկոնգում բողոքները շուտով կավարտվեն, եւ դա ներդրողների կողմից դիտարկվելու է որպես անորոշություններից մեկը»,-նշել է նա: Հոնկոնգում հաստատված J.Rotbart & Co. թրեյդերական ընկերության հիմնադիր Ջոշուա Ռոտբարտի կարծիքով, գալիք տարվա վերջին ոսկու գինը կկազմի մեկ ունցիայի դիմաց 1580-ից մինչեւ 1620 դոլար: Թանկարժեք մետաղի ամենաբարձր գինը գրանցվել է 2011 թվականի սեպտեմբերին, երբ այն մեկ ունցիայի դիմաց կազմել է 1895 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս