«Մենք կրկնակի զգոն պետք է լինենք և երբեք չպետք է թերագնահատենք այդ անձնավորությանը. նա անցել է Հեյդար Ալիևի դպրոցը». Դավիթ Բաբայան
Անցած՝ 2019 թվականին Արցախի Հանրապետության համար ամենակարևոր ձեռքբերումներից է խաղաղության պահպանությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերի իրականացումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ 2019 թվականին Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին համայնքների գերակշիռ մասում ընտրվեցին քաղաքապետեր, գյուղապետեր։
«Կարող եմ ասել, որ 2019 թվականը հակամարտությունների կարգավորման տեսանկյունից ամենաարդյունավետ տարիներից էր։ Գուցե սա առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց այդ առումով 2019 թվականը կարելի է հեղափոխական համարել։ Երբ մենք խոսում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, այն պետք է դիտարկենք մի քանի հարթությունում, նախ՝ բոլոր հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության, համանախագահների այցերը, քննարկումները, և այլն, մյուսը՝ պետք է անընդհատ հետևենք, թե ինչ է կատարվում աշխարհում հակամարտությունների կարգավորման տեսանկյունից։ Այստեղ շատ կարևոր են Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները։ Մենք գիտենք, որ Իսրայելը խնդիր ունի արաբների հետ։
Մենք չենք ասում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, խնդիրն այն է, որ նույն Իսրայելը սահմանների հարց ունի, որտեղ կարևոր դերակատարություն ունեն Գոլանի բարձունքները։ Այդ բարձունքները ռազմավարական տեսանկյունից կենսական նշանակություն ունեն Իսրայելի համար, որտեղ սկիզբ է առնում Հորդանան գետը։ ԱՄՆ նախագահն այս տարվա մարտին պաշտոնապես հայտարարեց, որ Միացյալ Նահագները ճանաչում է Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի անբաժան մաս։ Այսինքն՝ եթե պետությունը դառնում է ագրեսիայի թիրախ, ապա սահմանների փոփոխությունը լեգիտիմ է։ Այս տեսանկյունից Արցախի համար շատ բարենպաստ տարի էր, քանի որ Գոլանի բարձունքներին համահավասար տարածք ունենք նաև մենք, դա Քարվաճառի կամ Շահումյանի շրջանն է։ Սա հեղափոխական զարգացում է, և մենք սա ամեն տեղ պետք է օգտագործենք և դրա մասին բոլոր տեղերում խոսենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով 2020 թվականի զարգացումներին և սպասումներին՝ Դավիթ Բաբայանը նկատեց՝ կան հույսեր, ակնկալիքներ, և դրանց կողքին՝ իրականությունը։
Նա ակնկալում է, որ սպասվող նախագահական ընտրություններն անցնեն լավ մթնոլորտում, առանց թշնամանքի սերմանման, մեկը մյուսին վիրավորելու ու սադրելու։
«Որպես քաղաքացի և քաղաքական ուժի առաջնորդ՝ վստահեցնում եմ, որ արցախցին ողջամիտ է, քաղաքական դաշտում մեկս մյուսին թշնամի չենք, մրցակից ենք, բայց ոչ երբեք՝ թշնամի, ուստի ակնկալում ենք, որ ընտրությունները կանցնեն նորմալ։ Այլ հարց է, որ իրականության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն ապակայունացնել իրավիճակը։ Ակնկալում եմ, որ այս անգամ ևս արցախցին կցուցաբերի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Ադրբեջանում ևս սպասվում են ընտրություններ, չի բացառվում, որ այնտեղ լինի իշխանափոխություն, և իշխանության գա Մեհրիբան Ալիևան։
«Այստեղ մենք կրկնակի զգոն պետք է լինենք և երբեք չպետք է թերագնահատենք այդ անձնավորությանը. նա անցել է Հեյդար Ալիևի դպրոցը, այն էլ՝ տարբեր հարթություներում։ Մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք, իսկ դրա համար պետք է ունենանք հզոր բանակ, միասնական հայրենիք, պատրաստված ղեկավարություն, որը կկարողանա պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի։ Արցախում օրենսդիր և գործադիր մարմիններում իսկապես պետք է լինեն խելացի ու մաքուր մարդիկ։ Սա է բանաձևերից մեկը՝ դիմակայելու ու հաղթող դուրս գալու նյութապես ավելի ուժեղ հակառակորդի հետ առնչվելիս։ Մեր բարոյականությամբ և արժեքներով ենք նրան հաղթելու»,- նշեց մեր զրուցակիցը։
Զրույցի ավարտին Դավիթ Բաբայանը շնորհավորեց բոլորի Ամանորը՝ մաղթելով, որ հայկական երկու պետությունների սահմաններին լինի խաղաղություն, սահմանին կանգնած զինվորի գլխից մեկ մազ անգամ չպակասի, մարդիկ ապրեն խաղաղ ու առողջ։ Իսկ այդ ցանկություններն իրականություն դարձնելու համար պահանջվում է աշխատանք։
«Մենք երբեք չպետք է կոտրվենք, անսասան պահենք մեր հավատքը և կամքը, աշխատենք ու միայն աշխատենք, որպեսզի իրականացնենք մեր բոլոր ցանկությունները»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։