![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար». Արմեն Իսրայելյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Armen-Israelyan-1.jpg)
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի ցույց տված դիմադրությունից հետո փաստորեն Իրաքի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց երկիրը զերծ պահել Իրանի և Միացյալ Նահանգների հակամարտության հարթակի վերածվելուց:
Եթե Իրաքում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իշխանության վերնախավի մեծամասնությունը հակված էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ապա Իրանի և Իրաքի միջև վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցերից (Իրանի նախագահ, Իրաքի նախագահ և վարչապետ) պաշտոնական Թեհրանին հաջողվեց ազդել Բաղդադի որոշումների կայացման վրա, որից հետո պարբերաբար սկսվեցին հարձակումներ իրականացվել «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Եվ ամենևին էլ պատահական չէր, որ ԱՄՆ-ի՝ Իրաքի իշխանությունների վրա գործադրած ճնշումներից հետո, երբ պաշտոնական Բաղդադը հրաժարվեց զինաթափել «Հաշդ ալ-Շաաբի» կազմավորմանը և սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները, Իրաքում անակնկալ կերպով սկսվեցին բողոքի ցույցերը, որոնք հանգեցրին այդ երկրի վարչապետի պաշտոնանկությանը և Իրաքում ԱՄՆ-ի դեսպանության վրա կատարված հարձակումներին:
Վտանգավորն այն է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև տարբեր ձևաչափերով առկա հակասությունն ավելի շոշափելի դրսևորում է ստանում Իրաքում, որն Իրանի համար ռազմավարական չափազանց մեծ կարևորություն ունի՝ պայմանավորված սահմանային անվտանգության, կրոնական, քրդական և հատկապես տնտեսական գործոններով:
Փետրվարին 21-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Եթե նախընտրական քննարկումները բացառապես ծավալվում էին ներքաղաքական խնդիրների, մասնավորապես Ռոհանիի տնտեսական քաղաքականության շուրջ, ապա այժմ Իրանի քաղաքական դաշտում աննախադեպ համախմբում է տեղի ունենում: Եթե պահպանողականների հիմնական նպատակը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո գործող նախագահ Հասան Ռոհանիին պաշտոնանկ անելն էր լինելու, ապա ստեղծված իրավիճակում հիմնականում կենտրոնանալու են անվտանգության խնդիրների վրա:
Հ.Գ. Իրականում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար: Փաստացի վերջին մեկ տարվա Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունը բխում է պատերազմող երկրի գործողությունների տրամաբանությունից: Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեռ դեկտեմբերի 30-ին էր հայտարարել, որ երկիրը գտնվում է պատերազմական պայմաններում:
#Իրան #Մերձավոր_Արևելք #Սոլեյմանի»:
Շուրջ մեկ տարի ցույց տված դիմադրությունից հետո փաստորեն Իրաքի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց երկիրը զերծ պահել…
Gepostet von Armen Israyelyan am Freitag, 3. Januar 2020