Ո՞ր ուղղություններով կգնան բլինչիկից ու խոզի բդից հոգնած մեր հայրենակիցները
Ամանորը տանը նշելու՝ հյուրեր ընդունելու, հյուրասիրելու ու հյուրասիրվելու փոխարեն՝ շատերը գուցե այս տարի էլ նախընտրեն հավաքել ճամպրուկներն ու մեկնել վաստակած հանգստի: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ցուրտ եղանակ չսիրող մեր հայրենակիցների ամենասիրելի ուղղությունը շարունակում է մնալ Եգիպտոսը:
«Եգիպտոսին հաջորդում է Արաբական Միացյալ Էմիրությունները: Նոր առաջարկ կա Թունիսի ուղղությամբ, հետաքրքիր ուղղություն է, կարող է ակտիվանալ, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարիներին կսկսի պոպուլյար դառալ»,- ասաց զբոսաշրջության փորձագետը:
Մեր հայրենակիցների նախընտրությունները տարիների ընթացքում շատ չեն փոխվում: «Անռիվա» ընկերությունների հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչո՞ւ արդեն երկար ժամանակ շարունակում են ակտուալ մնալ վերոնշյալ ուղղությունները:
«Դա պայմանավորված է արժեք և ջերմաստիճանով, տաք է այդ ուղություններում՝ Եգիպտոս, Դուբայ: Մենք այս պահի դրությամբ չունենք այնպիսի մի ուղղություն, որն ավելի մատչելի լինի, կամ եղանակային պայմաններով ավելի լավը լինի, քան, օրինակ՝ Եգիպտոսն է, եթե լիներ, միգուցե սկսեին փոխվել նախընտրությունները»,- ասաց Հռիփսիմե Սամբուլյանը:
Տաք եղանակային պայմաններ չփնտրողները գնում են հարևան Վրաստան: Պատճառը մատչելիությունն է: Հռիփսիմե Ստամբուլյանը վստահ է՝ մեր հարևան երկիր ճամփորդությունն ավելի էժան է, քանի որ այնտեղ մեր հայրենակիցները ոչ թե 5 աստղանի հյուրանոցներում, այլ մասնավոր հյուրանոց-տներում են հանգրվանում, հակառակ դեպքում, դրամապանակի պարունակության առումով՝ Եգիպտոսն ավելի շահավետ կլինի:
«Եթե վերցնենք Եգիպտոսի ավիատոմսը, օլինքլյուզիվ, 5 աստղանի հյուրանոց, և համեմատենք Վրաստանի 5 աստղանիի հետ, որի գնի մեջ միայն նախաճաշ է ներառված, Եգիպտոսն ավելի մատչելի է: Վրաստանում հայերը հիմնականում տներ, բնակարաններ են վերցնում, իրենց մեքենայով են գնում, այդ է պատճառը, որ Վրաստանն ավելի մատչելի է դառնում»:
Հայաստանում ավանդական դարձած Ծաղկաձորին, Դիլիջանին և Ջերմուկին փոխարինելու են եկել նոր ուղղությունները: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պնդում է՝ այս առումով աշխարհագրությունը ընդլայնվում է, Ամանորը նշելու տուրեր կան գրեթե բոլոր մարզերում:
«Բացի ավանդական դարձածներից, կան Ամանորն անցկացնելու տուրեր դեպի հարավ ՝ Վայոց ձոր, Գորիս, դեպի հյուսիս՝ Իջևան, Լոռու մարզ, Ստեփանավան: Գյումրին է ակտիվ այս տարի: Գյումրիում ակտիվացել է նաև ներգնա տուրիզմը, միջազգային զբոսաշրջային այցելություններ են լինում Ամանորը նշելու համար: Ամանորը նշելու նախընտրելի ուղղություն է նաև Արցախը, Արցախը շատ ակտիվ է»,- ասաց զբոսաշրջության փորձագետը:
Ամանորը մատչելի և հետաքրքիր նշելու տարբերակներ կարելի է գտնել ամենուր՝ պնդում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Անգամ իր թանկ լինելով հայտնի Ծաղկաձորում կարելի է 80.000-100.000 դրամով ամանորյա փաթեթներ գտնել: «Անռիվա» ընկերությունների հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը հակառակն է պնդում՝ Հայաստանում Ամանորին հանգստանալը թանկ հաճույք է:
«Հայաստանն ու Արցախն ավելի թանկ են՝ 4-5-րդ տեղերում են: Եթե Հայաստանում 5 աստղանի հյուրանոց երկու հոգով կարելի է գնալ 1 մլն դրամով, ապա այդ նույն գումարով, դեռ մի քիչ էլ ավելի մատչելի, կարելի է գնալ Եգիպտոս: Հայաստանում հիմնականում մնում են այն մարդիկ, որոնք ստիպված են մնում, օրինակ՝ աշխատանքի բնույթից ելնելով, կամ էլ շատ հարուստները: Չնայած Հայաստանում ակտիվացել է մատչելի տարբերակով տներ առաջարկելու մշակույթը»:
Հռիփսիմե Սատմբուլյանը պնդում է՝ ձմեռային տուրիզմը Հայաստանում շարունակում է մնալ թույլ զարգացած գների պատճառով: Ամանորին Հայաստան հիմնականում գալիս են ռուսները, արաբները, պարսիկները և քիչ թվով եվրոպացիներ: