Ռուբեն Հայրապետյանի գործով անցնող Վահագն Դավթյանին ոստկանությունը թույլ չի տվել մասնակցել իր դատական նիստին, ու հենց դատարանի մոտից նրան տարել են ՁՊՎ
Դեկտեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:
Խոսքը Կարեն Մկրտչյանի ու Վահագն Դավթյանի մասին էր, որոնց հանդեպ հետախուզում էր հայտարարված:
168.am-ի հետ զրույցում պաշտպան Վահե Դանիելյանն ասաց, որ այսօր պետք է քննվեր նրանց խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու հարցը:
«Մեր պաշտպանյալի՝ Կարեն Մկրտչյանի նկատմամբ կայացվել էր ձերբակալման որոշում, հետո հետախուզում էր հայտարարվել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցն էր ներկայացվել դատարան: Մենք հայտնեցինք, որ նա ցանկանում է ինքնակամ ներկայանալ: Կարեն Մկրտչյանը եկավ դատարան, մասնակցեց նիստին, ու դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը մերժել ամբողջությամբ, ու որոշում կայացրեց մեր պաշտպանյալին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու մասին»,- ասաց պաշտպանը:
Վերջինս նշում է, որ ժամը 18:00-ին պետք է լիներ երկրորդ դատական նիստը երկրորդ պաշտպանյալի՝ Վահագն Դավթյանի խափանման միջոցի հարցով:
«Թերևս, նկատի ունենալով, որ մեր մյուս պաշտպանյալին այդ գործով դատարանն ազատ է արձակել, Ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ վարչության աշխատակիցները նախապես եկել ու մոտ 2 ժամ դատարանի բակում սպասում էին Վահագն Մկրտչյանին»,- ասաց Վահե Դանիելյանը:
Ըստ պաշտպանի՝ երբ անձը դիմում է գրում դատարանին ու ասում, որ ցանկանում է ինքնակամ ներկայանալ ու մասնակցել իր վերաբերյալ կալանավորման միջնորդության քննությանը, ու գալիս է, այդ պահին 6-րդ վարչությունը դիմավորում է տարբեր կողմերից ու Վահագն Դավթյանին տանում անհայտ ուղղությամբ:
«Անգամ ինձ ու մյուս պաշտպան Հայկ Քոչինյանին չլսեցին, նրան բռնեցին ու տարան: Կարելի է ասել՝ գողացան, դրեցին մեքենան ու տարան, ու մենք ոչինչ չկարողացանք անել»,- ասաց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ, փաստորեն, կոշտ միջոցների են դիմում այլ նպատակների հասնելու համար:
Ավելի ուշ քննիչը զանգել է պաշտպաններից Հայկ Քոչինյանին ու ասել, որ Վահագն Դավթյանին տարել են ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ):