Բաժիններ՝

«Ճիշտ է, եղանակը չորային է, բայց ես վստահ եմ, որ անտառը հենց այնպես չի այրվում». Շնողի համայնքապետ

Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում էր, թե ինչպես են այս եղանակին անտառային տարածքներն այրվում:

168.am-ը կապ հաստատեց համայնքի ղեկավարի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ տարածքներ են դրանք, և ինչպե՞ս կարող է տարվա այս եղանակին անտառ այրվել, այն էլ՝ այդքան մեծ ծավալներով:

Դավիթ Ղումաշյանն ասաց, որ մոտ 4 օր առաջ են սկսել անտառներն այրվել, և անհանգստացնողն այն է, որ հրդեհի մասշտաբներն են բավականին մեծ:

«Հենց Շնողի վարչական տարածքի անտառներն են այրվում, Շնողին հարող տարածքները»,- հավելեց համայնքապետը:

Հարցին, թե ովքե՞ր են մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին, Դավիթ Ղումաշյանը պատասխանեց՝ ԱԻՆ-ը, մենք՝ համայնքի բնակիչները, մարդիկ են տրամադրվում:

«Ուղղակի հրդեհի մասշտաբը շատ մեծ է, ֆիզիկապես չենք կարողանում հասցնել»,- նկատեց Դավիթ Ղումաշյանը:

Մեր հարցին, թե տարվա այս եղանակին ինչպե՞ս կարող էր այրվել անտառը, և այն էլ՝ այդքան մեծ մասշտաբներով, և արդյո՞ք դա նորմալ է, Շնողի համայնքապետը հակադարձեց հարցով՝ «Ես էլ ձեզ եմ հարցնում՝ ո՞նց կարող է առաջանալ»:

«Ես դա ուղղակի աննորմալ եմ համարում, իսկ եթե կատարվել է ինչ-որ մեկի կողմից, ուղղակի սրբապղծություն է, ուրիշ ոչինչ ես չեմ կարող ասել»,- ասաց Դավիթ Ղումաշյանը:

Մեր դիտարկմանը, թե նկատի ունի, որ հնարավոր է՝ անտառներն այրած լինեն, Շնող համայնքի ղեկավարն ասաց, որ հնարավոր է, բայց ինքը կոնկրետ չգիտի՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

«Ուղղակի, ինչպես դուք եք ասում, անտառն ինքն իրեն չի այրվում: Ճիշտ է, եղանակը չորային է, բայց ես վստահ եմ, որ անտառը հենց այնպես չի այրվում»,- ասաց Դավիթ Ղումաշյանը:

Հարցին, թե ի՞նչը կարող է անտառն այրելու պատճառ կամ շարժառիթ հանդիսանալ, համայնքապետը պատասխանեց՝ տարբեր կարող են լինել:

«Լինում է, որ որսորդն է գնում, անտառում կրակ վառում, անփութորեն վառվում է: Լինում է, որ ինչ-որ հանցագործություն են անում ու այն կոծկելու համար են անտառն այրում, փայտահատները կարող են կրակ վառել, ու դրանից այրվի: Տարբեր պատճառներ կարող են լինել: Բոլորիս համար էլ պարզ է, թե ինչ է եղել, բայց ես կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Վստահ եմ, որ այդ անտառը հենց այնպես չի այրվել»,- ասաց Դավիթ Ղումաշյանը:

168.am-ը պարզեց, որ այրվող անտառային տարածքը «Լալվարի անտառտնտեսության» տարածքն է, որի տնօրեն Հարություն Ամիրջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այս պահին Վանաձորի ու Ալավերդու ԱԻՆ աշխատակիցները լուրջ աշխատանքներ են կատարում, իրենք էլ իրենց աշխատողներով են մասնակցում:

«Թվում էր, թե լրիվ պրծել ենք, բայց մի հատ ուժեղ քամի բարձրացավ, էլի սկսվեց: Թվում է, թե կարողանում ենք հասցնել: Տեսնենք: Այս պահին շատ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ հրդեհն անտառին չի վնասում, տերևներն են այրվում»,- ասաց Հարություն Ամիրջանյանը:

«Լալվարի անտառտնտեսության» տնօրենին հարցրինք, թե տարվա այս եղանակին ինչպե՞ս կարող էր այդ ծավալների անտառ այրվել:

«Հասկանո՞մ ես, էս եղանակը ոնց որ օգոստոս ամիսը լինի: Խաշամը չորացել է, ծառին չի վնասում, բայց արագ տարածվելով՝ գնում է, ոնց որ բենզին: Քամին մտնում է մեջը, գցում, տանում»,- ասաց Հարություն Ամիրջանյանը:

Հարցին, թե բացառո՞ւմ է անտառը միտումնավոր այրելու տարբերակը, վերջինս պատասխանեց, որ չի կարող ասել:

«Հոգուս մեղք չեմ կարող անել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշեց նա՝ հավելելով, որ շտապում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու:

ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը, թեպետ գտնվում էր արձակուրդում, բայց պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք ԱԻՆ-ը վարկած ունի, թե այդ ծավալի անտառներն ինչից կարող էին այրվել, ասաց, որ այս պահին առհասարակ վարկած չեն կարող ունենալ:

«Հրդեհներից հետո են վարկածները մշակվում, հետաքննություն է իրականացվում: Մենք ունենք հետաքննական մարմին, որը հրդեհներից հետո քննություն է իրականացնում, և գործերն ուղարկում են դատախազություն: Կարգն է այդպիսին: Այս պահին ԱԻՆ-ի հնարավորությունը հետաքննություն իրականացնելն է»,- ասաց ԱԻՆ խոսնակը:

Gepostet von David Gumashyan am Mittwoch, 25. Dezember 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս