Հատուկ համակարգ՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում։
Ներկա դրությամբ Զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:
Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում:
Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է՝ որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը, սակայն, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ:
Ուստի առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն և Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայումս հաշվառված 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման համար ներդնել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգ։
Մանրամասները՝ տեսանյութում