«Սպասում ենք, որ ձերբակալման բողոքի քննությունը շուտ կլինի և կկայացվի ազատ արձակելու որոշում». Հովհաննես Խուդոյան
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել է իր պաշտպանյալի ձերբակալման մասին որոշումը: Լրատվամիջոցի սեփականատերը երեկ ժամը 14:00-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման էր ենթարկվել: Մի քանի ժամ անց պարզվել էր, որ նրան ձերբակալել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:
168.am-ի հետ զրույցում փաստաբանը տեղեկացրեց, որ բողոքը կքննվի այսօր, սպասում են ժամի հստակեցմանը: Ամենայն հավանականությամբ, նիստը կկայանա ժամը 20:00-ին: Փաստաբանն այսօր էլ վերահաստատեց պնդումները, որ բացակայում են Արմեն Թավադյանին ձերբակալելու իրավական և փաստական բոլոր հիմքերը:
«Որոշումը բացարձակ անհիմն է, իրեն վերաբերող որևէ գործողություն չի նշվել, այդ պարագայում անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է իր ազատությունը սահմանափակվել: Ձերբակալելու համար պետք է նշվեր, թե ինքն ի՞նչ գործողություն կատարելու համար է կասկածվում, դա նշված չէ, պետք է նշվի, թե ի՞նչ վտանգ է առկա, որ ինքը կարող է խոչընդոտել քննությանը, կամ ինչպե՞ս պարզեցին, որ ինքը ինչ-որ գործողություն է կատարել, այսինքն դեպքի վայրո՞ւմ են բռնել, թե՞ ինչ-որ մեկն է տեսել, թե՞ քննիչի որոշում է նախապես առկա եղել»,- ասաց փաստաբանը:
Հովհաննես Խուդոյանը մտավախություն ունի, որ հնարավոր է՝ Արմեն Թավադյանի ձերբակալության բողոքի քննությունը հետաձգվի, ինչն իր կարծիքով՝ կոպիտ խախտում կլինի:
«Մտավախություն կա, որ մոտավորապես նույն սցենարը կարող է փորձեն աշխատեցնել, ինչ որ Արսեն Բաբայանի գործի դեպքում, երբ որ անհարկի ձգձգեցին ձերբակալության բողոքի քննությունը, մինչև Քննչականը հասցրեց կալանքի միջնորդությունը ներկայացնել: Դա կլինի այն ամենակոպիտ խախտումը, որ հիմա կարող ենք սպասել: Այս պահին սպասում ենք, որ ձերբակալման բողոքի քննությունը շուտ լինի և կայացվի որոշում ազատ արձակելու մասին»:
Կալանքի միջնորդություն դեռ չկա, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ եթե մինչև բողոքի քննությունը ներկայացնեն, ապա դատարանը երկու դիմումները միասին կքննի: