«Պահանջել էինք կամ կարճել քրեական գործը, կամ ուղարկել լրացուցիչ քննության». Արամ Վարդևանյան

168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ: «Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ»,- տեղեկացրել էին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

168.am-ի հետ զրույցում Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով դատախազության այս որոշումը, ասաց, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, փաստորեն, մասնակի բավարարել է իրենց բողոքը:

«Շատ կարևորում եմ դատախազության այս դիրքորոշումը, քանի որ մեր բողոքում բարձրաձայնել էինք երկու հարց՝ կարճել քրեական գործը, և եթե չեն գտնում, որ կարճելու հանգամանքն անհրաժեշտ է, առնվազն վերադարձնել նոր քննության»,- ասաց Արա Բաբլոյանի պաշտպանը:

Վերջինս նշում է, որ ըստ էության դատախազությունն այս քրեական գործը վերադարձրել է ՀՔԾ և միևնույն ժամանակ դիրքորոշում հայտնել, որ կարճելու մասին հարցին կանդրադառնան լրացուցիչ քննության արդյունքներով:

«Հիմա ՀՔԾն-ն պետք է որոշի: Մենք մեր անելիքն արել ենք»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ ըստ էության ակնարկելով, որ գնդակն այժմ ՀՔԾ-ի դաշտում է:

Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրացուցիչ մեկնաբանություն չտվեց:

«Աբսուրդ քրեական գործ, աբսուրդ մեղադրանք։ Մենք էլ համբերատար սպասում ենք հետագա զարգացումներին»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր, ապա՝ նախագահ դառնալու գործընթացի հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս