Ի՞նչ նպատակով  է Դատախազության համար 15 միլիոն դրամանոց նոր մեքենա գնվելու

168.am-ն արդեն հայտնել էր, որ Կառավարության պահուստային ֆոնդից Գլխավոր դատախազությանը տրամադրվել է 14 միլիոն 900 հազար դրամ՝ դատախազության համար նոր ավտոմեքենա գնելու նպատակով։

Ավտոմեքենան պետք է գնվի 2019 թվականի դեկտեմբերի ընթացքում, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ։

168.am-ն այսօր Գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել, թե դատախազության ո՞ր պաշտոնյայի համար է գնվելու 2019 թվականի արտադրության մոտ 15 միլիոն դրամ արժողությամբ մեքենան։

Ի պատասխան մեր հարցման՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը նշեց.

«Ավտոմեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը պայմանավորված է դատախազության անվտանգության ծառայության պատշաճ գործունեությունն ապահովելու հրատապ կարիքներով»։

Թե կոնկրետ ո՞ր պաշտոնյային սպասարկելու համար է իրականացվելու թանկարժեք գնումը, Դատախազությունից, փաստորեն, ճշտել չհաջողվեց. հանրային կապերի պատասխանատուն հրաժարվեց անուն տալ։

Տեսանյութեր

Լրահոս