
«Կասկածում ենք բոլորին, թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններին». «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Դեկտեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանին հրավիրել են Ոստիկանության կենտրոնական բաժին. 168.am-ի հետ զրույցում Քնար Մանուկյանն ասաց, որ ինքը թերթի խմբագրություն մտնելու և այն տակնուվրա անելու դեպքի մասին Ոստիկանությանն արդեն բացատրություն տվել է:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին, ըստ խմբագրի և լրագրողների՝ ոչ մի արժեքավոր իր չէին գողացել, տեղում էին նաև լրագրողների փաստաթղթերն ու հավաքած նյութերը: Թերթի անձնակազմի համար դեռ հարց է, թե ի՞նչ են փնտրել խմբագրություն մուտք գործած անձը կամ անձինք և արդյո՞ք գտել են այն, ինչ փնտրել են: Խմբագրին հարցրինք՝ կայի՞ն խմբագրությունում նյութեր, որոնք դեռ չէին հրապարակվել և կարող էին հետաքրքրության առարկա լինել:
«Ես մի քանի օր առաջ հայտնել էի, որ ԱԱԾ գեներալ-մայորի ենք հրավիրել մեր խմբագրություն, ձայնագրությունը կար, բայց չէր հրապարակվել, հենց այդ առավոտյան պետք է գայինք, նախապատրաստական աշխատանքներն անեինք, այդ դեպքը ընթացքը հետ գցեց, նյութը հրապարակվեց հաջորդ օրը: Բայց չկար խմբագրությունում որևէ նյութ, որը մենք չէինք ուզում հրապարակել»:
Քննչական կոմիտեում գործ է հարուցվել երկու հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի հատկանիշներով: Գողության վարկածին խմբագրությունում չեն հավատում, ասում են՝ այնտեղ շատ արժեքավոր իրեր կային, որոնք կարող էին տանել ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները:
«Կասկածում ենք բոլորին, թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններին, քանի դեռ գործը չի բացահայտվել, այդ կասկածները չեն փարատվի: Սպասում ենք, իրավապահ մարմինը պետք է օրենքի ողջ խստությամբ պատժի հանցագործին, որ այն անձինք, որոնք համարձակություն կունենան լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դրսևորում ցուցաբերել, իմանան, որ իրենք օրենքի ողջ խստությամբ պատժվելու են, չբացահայտված չի մնալու»:
Դեպքին արձագանքել են ԱԺ պատգամավորներ, լրագրողական կազմակերպություններ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: