Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. Վաչագան Սարգսյան

Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց 12 դպրոցական գործող դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն հայտարարությանը, թե նրա հեղինակած այբբենարանի տեղն «աղբամանն է»:

«Ինքը սուտ է խոսում և չի հասկանում, թե ինչ է խոսում: Ավելացնեմ, որ նա նաև տգետ է: Այսքանը: Նա այնքան չկա, որ ես իր մասին խոսեմ»,- ասաց  Սարգսյանը՝ հրաժարվելով որևէ այլ բան ասել Ազգային ժողովի «իմքայլական» պատգամավորի ելույթի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, խոսելով  դասագրքերի բովանդակության մասին, ասել էր.

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»։

Նշենք, որ պատգամավորը 168.am-ի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հրապարակված նյութը, հրապարակել նաև լուսանկարներ՝ կից գրառմամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ցավում եմ, որ տարիներ շարունակ Այբբենարանը հեղինակած անձը որոշել է թիրախավորել ինձ, և ոչ ասածիս բովանդակությունը, ինչը հերթական անգամ վկայում է նրա կարծրատիպային մոտեցումների մասին:

Ցավում եմ, որ իմ քննադատությունն այդպես է ընկալվել: Կարելի էր այս թեմայով բանավիճել և գուցե համագործակցել, բայց ավաղ»։

 

Տեսանյութեր

Լրահոս