ՀՅԴ-ի երիտթևը հանձնեց «զենքերը». ակցիա՝ կառավարության դիմաց
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս տարվա ընթացքում իրենց վերջին ակցիան էր ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման: Երիտասարդների ակցիան խորհրդանշական էր՝ վստահեցնելու, որ իշխանության դեմ որևէ «պարտիզանական գործողություն» չեն նախապատրաստում, և հենց այդ նպատակով կառավարության շենքի մոտ վայր էին դրել իրենց «պարտիզանական զենքերը»: Ակցիայի շարժառիթը «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի արդեն արտաքսված անդամի՝ ներքին սպառման համար գրած նամակն էր, ըստ որի՝ կուսակցական ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իբր հորդոր էր հնչեցրել «պարտիզանական մարտեր մղել» իշխանության դեմ: ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը հայտարարեց, որ սրա նպատակն է, որ Հայաստանում գաղտնի գործողություններից տագնապած մարդիկ հանգիստ քնեն:
«Ազգային ժողովի՝ բանակից փախած, դասալիք որոշ պատգամավորներին, ծերունի ավազակներին ասում ենք՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ», չփորձեք հանկարծ ներկայացնել, որ դուք պետականությունը պաշտպանում եք մեզանից: Այս երկրում պետականամետը մենք ենք, այս երկրի ու պետականության պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք, և չփորձեք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել մեզանից»,- ասաց Արգիշտի Գևորգյանը
Արդեն անզեն ՀՅԴ ՀԵՄ անդամները կարդացին իրենց առանձնացրած 15 փաստ, թե ինչու պետք է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Պնդեցին, որ փաստերն ավելին են, իրենք առանձնացրել են կարևորագույնները: Դրանից հետո հայտարարեցին, որ նամակ են բերել Կառավարություն, և խնդրեցին, որ որևէ մեկը գա և վերցնի նամակը: Երիտասարդների խնդրանքին ընդառաջ եկավ Դիմում բողոքների վարչության վերլուծությունների բաժնի ղեկավար Համլետ Նազարյանը, որը վերցրեց նամակը: Ցույցին ներկա էին Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները: Վարչության անդամ Հռիփսիմե Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունն առաջին օրերից եղել է ՀՅԴ ՀԵՄ-ի հետ, ցույցին մասնակցել ենք միակամ, ՀՅԴ-ն կուռ կառույց է»: