«Հայկական կողմի համար դա անընդունելի է». Սոս Ավետիսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պարզաբանեց, թե որն է այն նոր կետը, որից գործող իշխանությունները սկսել են Արցախի շուրջ բանակցությունները:
«Կա մի հայտարարություն, որ նախկինում երբևէ չի արվել՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Բայց պարզ է նաև, որ կա արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանություն, որը մոտավորապես 1991թ. անկախությունից ի վեր այս կամ այն կերպ պահպանվել է: Այսինքն՝ հնարավոր չէ առհասարակ ամբողջ բանակցային պրոցեսները ջնջել: Բայց երբ ասում ենք՝ նոր կետից, սա մի հայտարարություն է, որ որևէ ՀՀ առաջնորդ երբևէ չի արել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն այսքան տարի հենց դրա վրա է աշխատում, որ գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից, և, ըստ էության, նոր բան չեն ասում, նա այսպես արձագանքեց. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երբ կասեն, որ նրանք նույնպես պատրաստ են աջակցել երեք կողմի համար ընդունելի լուծմանը, մենք դա կհամարենք մեծ դիվանագիտական ձեռքբերում»:
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցո՞ւմ են, թե՞, ինչպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն է ասում՝ բանակցում են բանակցություններ սկսելու շուրջ:
«Խոսակցությունները, կամ կոնսուլտացիաները, կամ քննարկումները տեղի են ունենում այն կարևոր սկզբունքի շուրջ, որ պետք է լինի համապատասխան միջավայր: Միայն միջավայրի առողջացումը հնարավորություն կտա, առհասարակ, որևէ ռեալ բանակցություն ունենալ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանն ունի մոտիվացիա՝ միջավայրի առողջացման համար, նա պատասխանեց. «Եթե այս մոտիվացիան չունեն, չենք կարող հասնել ձեր տված հարցին (նկատի ունի բանակցությունները,- Ռ.Մ.)»:
Նիկալ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը չի բանակցելու առանց Արցախի մասնակցության, ըստ Սոս Ավետիսյանի՝ տեսլական է. «Ես չեմ տիրապետում այս պահին բանակցային ամբողջ կուլիսների հետևում գտնվող պրոցեսներին, բայց տեսլականը շատ պարզ է և ասված է: Խնդիր է եղել, երբ Արցախի իշխանությունները դուրս են մնացել բանակցային պրոցեսից. սա մեզ համար լուրջ դիվանագիտական խնդիր է եղել: Մինչև այդ խնդիրը չլուծվի, մինչև այն օրիգինալ մանդատը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեցել են, չվերականգնենք, մնացած բոլոր տարբերակներն անտրամաբանական են: Մեթոդական առումով էլ են սխալ, որովհետև անհնար է առանց այդտեղ ապրող մարդկանց կարծիքն իմանալու՝ ինչ-որ բանակցություն անել, կամ՝ լավ, բանակցեցիր, հետո՞, ի՞նչ ես բանակցում»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում շահարկվող, այսպես ասած՝ Արցախի ադրբեջանական համայնքին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն հայտարարություններին, թե վարչապետը հայտարարել է, որ բանակցությանն Ալիևի հետ կարող են գալ նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ, Սոս Ավետիսյանը հետևյալն ասաց.
«Վարչապետի թեզը, երբ ի սկզբանե ասվում է, որ Արցախը պետք է անպայման ներկա լինի բանակցություններում, բանակցի՝ որպես սուբյեկտ, հիմնված էր մի պարզ ճշմարտության վրա, որ վարչապետը չունի ուղիղ մանդատ՝ բանակցելու այս մարդկանց անունից: Իսկ երբ ադրբեջանցի գործընկերները փորձում էին ասել՝ բա մեր այն համայնքը, որ ունենք, այդ ժամանակ պատասխանն այն էր, որ այս «համայնքի» ներկայացուցիչներն ընտրում են իրենց նախագահին՝ Իլհամ Ալիևին, այսինքն՝ իրենք ներկայացված են: Ով կլինի Ադրբեջանի քաղաքացիներից այդտեղ նստած՝ իրենք սուբյեկտայնություն չունեն և չեն կարող ունենալ: Հրադադարի պայմանագիրը ստորագրել են երեք կողմեր՝ ՀՀ-ն, Արցախի կամ ԼՂ իշխանությունը և Ադրբեջանի ներկայացուցիչները: Այլ սուբյեկտայնության փնտրտուք չկա, չի կարող լինել, և հայկական կողմի համար անընդունելի է»:
Հարցին՝ նախկին իշխանություններին շատ էին քննադատում, որ միջազգային հարթակներում աջակցում էին ռուսական կողմի դիրքորոշմանը, սակայն հիմա նույնպես միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, Հայաստանը շարունակում է իր քվեարկությամբ անվերապահորեն աջակցել Ռուսաստանի դիրքորոշմանը. ստացվում է, որ արդարացվա՞ծ էր նախկին իշխանությունների քաղաքականությունն այս մասով՝ նա պատասխանեց. «Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները որակապես փոխվում են հիմա, այսինքն՝ մենք ընդգծել ենք մեզ համար թե՛ ինքնիշխանության, թե՛ հարաբերությունների որակի, թե՛ հանդիպումների քանակի, այսինքն՝ ամեն առումով մեզ համար շատ կարևոր է մեր գործընկերային հարաբերությունը՝ մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի քվեարկությանը, այստեղ ինչ-որ ռեզոն լինում է, և մենք կարդինալ փոփոխություն ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորների չենք անելու, սա որևէ ձևով չի շեղվում այն օրակարգից, որը մենք ունեցել ենք: Մեզ համար էականը մեր ինքնիշխանությունն է և մեր ազգային շահերի պաշտպանությունը»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում