Գործընկերների ասածների և արածների համար ԼՀԿ-ն չի կարող պատասխանատվություն կրել. Կարեն Սիմոնյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասաց, որ համաձայն է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հիմնավորումների հետ, որ Երևանի ավագանու իրենց միակ անդամին հետ կանչելու պատճառն ավագանու աշխատանքների լուսաբանումն է, քանի որ Խաժակյանի բարձրացրած խնդիրները, կեղծիքի մասին բացահայտումները տեղ չեն գտել լրատվամիջոցներում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք դժգոհ են ԶԼՄ-ների լուսաբանումից, քանի որ առավել շատ լուսաբանվել է քաղաքապետի ծիծաղի վերաբերյալ դիտարկումը, քան Խաժակյանի բացահայտումը։
«Եթե ընդհանուր նայում ենք մեդիադաշտին, ապա տեսնում ենք, որ մեդիադաշտն ընտրում է այն թեմաները, որոնք գտնվում են էմոցիոնալ պիկի վրա, և արձանագրում ենք այն, որ մեդիադաշտն առավել շատ աշխատում է այն սկզբունքով, թե ինչն իրենց ավելի շատ դիտում կբերի»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ավագանու նիստի ժամանակ իրենց ավագանու անդամի փաստարկված ելույթին մեդիա անդրադարձը շատ ավելի քիչ է եղել։
Երեկ Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամներից Թեհմինա Վարդանյանն իր ելույթում խորհուրդ տվեց քաղաքապետ Հայկ Մարությանին «ցինիկ չծիծաղել», իսկ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բարձրաձայնեց քաղաքապետարանի կողմից փաստաթղթեր կեղծելու մասին առերևույթ փաստեր։
Ըստ ԼՀԿ-ական պատգամավորի՝ շատ հաճախ կուսակցությունից պահանջում են պատասխանատվություն կրել ոչ իրենց արածների կամ խոսքի համար.
«Այս թեման բացվեց նրա համար, որովհետև շատ հաճախ մեզ մեղադրում են մեր մյուս գործընկերների ասածների և արածների համար, որոնց համար, սակայն, մենք չենք կարող պատասխանատվություն կրել։ Եթե Դավիթ Խաժակյանին խորհուրդը կարող է պատասխանատվության կանչել, մյուս երկու անդամների դեպքում ԼՀԿ խորհուրդը որևէ իրավասություն չունի։ Հարցը նրանում է, որ ԼՀԿ-ն միշտ եղել է պատասխանատու ուժ, միշտ պատասխանատվություն է կրել իր անդամների ասածների և արածների համար»,- ասաց Սիմոնյանը։
Կարեն Սիմոնյանը դավադրությունների տեսություն համարեց այն լուրերը, որ Դավիթ Խաժակյանին ավագանու կազմից ետ կանչելու պատճառն այն է, որ վերջինս ունեցել է իշխանության ղեկավարին, Հայկ Մարությանի քիմքին ոչ հաճո ելույթ։
Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև այս հարցով խոսակցություն է տեղի ունեցել, ԼՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Ո՛չ, չի եղել և չի կարող լինել. եթե լիներ՝ դա կլիներ քաղաքական ճնշում։ Կուլիսային խոսակցություն էլ չի եղել, եթե նման բան լիներ, դա կլիներ հրապարակային և Ազգային ժողովի մակարդակով։ Նկատողություն էլ չենք ստացել։ Այն ժամանակ, երբ ԼՀԿ-ի անդամը լինի կառավարության ղեկավար, այն ժամանակ էլ կարող է «Լուսավոր Հայաստանը» կուսակցության անդամներին նկատողություն անել, քանի դեռ Կառավարության ղեկավարն այլ կուսակցության անդամ է, նա կարող է նկատողություն անել միայն իր թիմի անդամներին»,- ասաց Կ. Սիմոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում