«Գուցե հաշվարկ ունեն, որ հենց Բրեգովիչը կանգնում է բեմի վրա, 7000 տուրիստ Վրաստանից մտնում է». Եղիշե Պետրոսյան
Երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի համար 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո շատ բան է փոխվել, նոր ընթացք կա: Իհարկե, մի քիչ տարերային, բայց՝ կա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում երգահանն ասաց. «Սրտովս չեն որոշ բաներ։ Որտեղ որ սրտովս չի, բողոքում եմ և պահանջում եմ»։
Երգահանն իր «ցավոտ տեղը», սակայն, համարեց այն, որ այս իշխանությունը նախկին իշխանությունների արածներին քաղաքական գնահատական չտվեց։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է տար այդ քաղաքական գնահատականը, Պետրոսյանը պատասխանեց. «Մենք ունենք բազում միջազգային պայմանագրեր՝ ռազմաբազայի, սահմանների, գազի հետ կապված։ Դրանք ղազագրեր են։ Քաղաքական գնահատական տալով՝ կարող էր ասել, որ պետք է վերանայի այդ միջազգային պարտավորությունները, իսկ դա հնարավորություն կտար կատարած թալանն օրինականացնելու և վերադարձնելու»։
Ըստ Եղիշե Պետրոսյանի՝ ցավալի է նաև այն փաստը, որ չփոխվեց Սահմանադրությունը։ «Այն այնպայման պետք է փոխվի, սակայն հիմա էլ խոսում են ոչ թե փոխելու, այլ լրամշակման մասին։ Ես տեսնում եմ վարչապետի կոչերը, իսկ այդ կոչերը, հարց է, թե ո՞ւմ է հանձնարարում. այս առումով մի քիչ դժգոհություններ ունեմ»,- ասաց նա։
Ըստ երգահանի՝ խնդիրներ ունենք պետական կառավարման ապարատում. «Էնքան բախտիարներ հայտնվեցին… Ժամանակ է պետք, կմաքրվեն, պետք է պարզապես հետամուտ լինել, որ այն գիծը, որը վերցվել է, պահպանվի։ Ես հասկանում եմ, թե ինչո՞ւ իմ տեսակ մարդկանց չներգրավեցին, մենք արդեն մեծ ենք, և մեր ռիսկը պակաս է։ Երիտասարդներն ավելի նախաձեռնող են, սխալվելու իրավունք ունեն, և լավագույն տարբերակը կլիներ, որ նրանց կողքին լինեին կարգին և փորձառու մարդիկ, այնպիսի մարդիկ, որոնք ցույց են տվել իրենց արժեհամակարգը»,- ասաց երգահանը՝ նշելով, որ, ինչպես գեներալը չի կարող պատասխան տալ իր ամեն մի զինվորի համար, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը՝ ամեն աշխատողի համար։
Անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին և Ամանորյա տոների համար 700.000 դոլարի հատկացմանը, Ե. Պետրոսյանը նշեց, որ քաղաքային տնտեսության մեջ դրական փոփոխություններ նկատում է, իսկ ինչ վերաբերում է Ամանորյա տոների համար հատկացված ֆինանսավորմանը, ապա նա խորհուրդ է տալիս նույնիսկ վատի մեջ լավը տեսնել։
«Ես ուզում եմ այդ ամեն ինչի մեջ լավը տեսնել։ Վատն էլ կա, իհարկե։ Վատ է, որ սխալներ են թույլ տալիս, վատ է, որ այդ փողը տալիս են Բրեգովիչին, և ոչ թե՝ 10 հայ կատարողի, որոնք կարող են վաղը շեդևր ստեղծել, ինչի մասին Փաշինյանը խոսում էր։ Մեր դժբախտությունն այն է, որ ոչ կոմպետենտ մարդկանց կարծիքներով են առաջ շարժվում, մենք ստեղծագործական մտքի պակաս չունենք, մենք լավ մենեջմենթի խնդիր ունենք։ Այ, սրա համար պետք է գումար ծախսեն։ Այնպիսի մարդկանց պետք է ներգրավեն, որոնք կհասկանան, թե մեր մշակույթի խնդիրը որն է։ Մենք մշակույթ չենք կարողանում արտահանել, միայն ներմուծում ենք, իսկ ինչ վերաբերում է նրան, որ գուցե Բրեգովիչի ելույթը բերի տուրիստներ, չգիտեմ, գուցե իրենք հաշվարկ ունեն, որ՝ ահա, Բրեգովիչը հենց կանգնում է բեմի վրա, 7000 տուրիստ Վրաստանից մտնում է։ Ինձ համար շատ ավելի նախընտրելի կլիներ, որ այդ գումարը տրամադրվեր՝ էստեղ մի բան ստեղծվեր, մյուզիքլ կամ այլ բան. լավ, թե վատ, այն կլիներ մերը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը։
Նա հույս հայտնեց նաև, որ իշխանությունը կարողանում է լսել քննադատությունն ու գնալ դրանց հետևից, իսկ ինչ վերաբերում է ընդդիմության՝ քննադատությունները լսելուն, ապա, ըստ Պետրոսյանի, իրական ընդդիմադիները նրանք են, որոնք քննադատում են միայն երկիրը կայացնելու համար։
«Ես քննադատում եմ առողջացնելու համար, ոչ թե՝ վայրահաչելու, իսկ այսօր ամբողջ դաշտը լցված է վայրահաչոցով»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում