«Տեղ-տեղ հայկական կողմն իր միջազգային գործընկերների համար մնում է անհասկանալի». Էդգար Էլբակյան

Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող, քաղաքագետ Էդգար Էլբակյանը 168 TVի «Ռեվյու» հաղորդման ժամանակ խոսել է Ադրբեջան կատարած այցի, Զոհրաբ Մնացականյանի ելույթի, ՏՐԱՍԵԿԱ-ի համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի և այլ հարցերի մասին:

Նա նշեց, որ Արցախի շուրջ բանակցությունները հայաստանյան բոլոր իշխանությունները նոր կետից են սկսել. «Մեր ներքին դիսկուրսում ընդունված է նրանց համարել այս կամ այն չափով միմյանց շարունակողներ, բայց անձամբ Սերժ Սարգսյանն էլ գալով իշխանության՝ ասել է՝ կա այն, ինչ կա, բայց ես պետք է նոր կետից սկսեմ: Բայց այն ժամանակ մամուլն այսքան բաց չէր, պայմաններն էին այլ, այդքան մեծ հնչեղություն դա չի ստացել»:

Քաղաքագետի խոսքով՝ Արցախի կոնֆլիկտի տրամաբանությունն այնպիսին է, որ անձերով չէ պայմանավորված. «Կա կառուցվածք, որի մեջ անձերը պետք է հարմարվեն»:

Էդգար Էլբակյանն ընդգծեց՝ ներկայիս իշխանություններն օրգանական ճանապարհով շարունակում են նախկինում արվածը. «Պարտադիր չէ, որ դու բառն ասես: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ լուծումը պետք է բավարարի երեքին, նշանակում է, որ այդտեղ պետք է լինեն փոխզիջումային տարրեր, և իրականում նա դա ասում է ոչ թե՝ փոխզիջում կորզելու, այլ՝ ժամանակ ձգելու համար, ինչպես դա արել են մեր նախկին իշխանությունները»:

Նա շեշտեց՝  այս պահին գոյություն չունի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երեք կողմի համար:

«Շատ կարևոր է, որ ապակառուցողական դիրքերից հանդես եկողը դու չլինես: Իմ միակ մտահոգությունն այս պահին, որ առաջներում չկար, դա է, որ տեղ-տեղ հայկական կողմն իր միջազգային գործընկերների համար մնում է անհասկանալի: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահը, ինչպես Ադրբեջանում եմ ասել՝ տասնամյակ շարունակ ասում է, որ ՀՀ տարածքը պատմական ադրբեջանական հող է. ոչ ոք նրան դրա համար չի կշտամբում: 2015թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է՝ երբ ես ասում եմ Հայաստան՝ Արցախը նրա անբաժանելի մասն է: Սերժ Սարգսյանին նույնպես ոչ ոք չի քննադատել, որովհետև դա ասվել է հստակ կոնտեքստում. եթե հիշում եք՝ այդ ժամանակ ՀՀ սահմանին փոխհրաձգություն էր, նաև քաղաքացիական զոհեր կային: Բայց բավական էր, որ Նիկոլ Փաշինյանը կանգներ ասեր, որ Արցախը Հայաստան է, և վերջ, միջազգային մակարդակով նա քննադատության արժանացավ»,- նկատեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս