«Ոչ մի ապատեղեկատվություն չկա». Թեհմինա Վարդանյան
Քիչ առաջ լրագրող Նարեկ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկվանից Ֆեյսբուքում ինչ-որ տեղեկություն է տարածվում, որ Երևանում Ամանորի միջոցառումների համար 550 մլն դրամ է ծախսվելու: «Իրականում ծախսվելու է նշվածից քիչ, բայց էլի աստղաբաշխական գումար՝ 325 մլն դրամ: Ու հետաքրքիրն այն է, որ այս տեղեկությունը տարածվում է լրատվամիջոցներով՝ կարծում եմ՝ դիտավորյալ, քանի որ ընդամենը երեկ Երևանի ավագանին հաստատեց 325 մլն-ով Նոր Տարի անելու փաստը»,- նշել էր Նարեկ Կիրակոսյանը՝ հավելելով, որ այժմ ամբողջ ՖԲ-ն ողողված է 550 մլն-ով Նոր տարի անելու տեղեկություններով:
Լրագրողն իր տարակուսանքն էր հայտնել այն բանի համար, որ «ՀՀ կառավարությունն ունի գրեթե կես միլիարդ բյուջե ունեցող տեղեկատվական ՊՈԱԿ, որն իրականացնում է «infocheck» նախագիծը, բայց իրեն նեղություն չի տալիս՝ արդեն երկու օր տարածվող այս ապատեղեկատվությունը հերքի: Տեղեկատվության ստուգման կենտրոնի ՖԲ էջում գրառում վերջին անգամ եղել է դեկտեմբերի հինգին:
Կեղծ տեղեկությունը հերքող գրառումներ չկան նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական և մամուլի խոսնակի էջերում»:
168.am-ը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանից հարցրեց, թե ինչ ապատեղեկատվության մասին է խոսքը, և ի վերջո ամանորյա տոնակատարություններն այս տարի որքա՞ն են արժենալու Երևանում:
Ավագանու անդամն ասաց, որ 325 միլիոն դրամ գումարը միայն Հանրապետության հրապարակի տոնակատարությունների համար ծախսվող գումարն է, ներառյալ՝ Գորան Բրեգովիչի համերգի համար հատկացվածը:
«Կա նաև վարչական շրջանների բյուջե, և այդ ամենն իրար հետ կազմում է շուրջ 525 միլիոն դրամ: Ոչ մի ապատեղեկատվություն չկա: Այն, ինչի մասին ես երեկ խոսում էի, սոսկ Հանրապետության հրապարակի վրա ծախսվող գումարն է: 44 միլիոն գումար միայն ինչ-որ կամրջակի համար են ծախսում»,- ասաց Թեհմինա Վարդանյանը՝ շեշտելով, որ Կառավարության պահուստային ֆոնդից 271 միլիոն հավելյալ գումար է հատկացվել այդ նպատակով, երբ այդ գումարը կարող էր ծառայել Գյումրին տնակներից ազատելուն:
Հ.Գ. Նյութն արդեն հրապարակվել էր, երբ մեզ հետ կապ հաստատեց Նարեկ Կիրակոսյանը և տեղեկացրեց, որ գրառումը ավագանու երեկվա հաստատած նախագծի մասին էր, որտեղ 325 մլն է հատկացվում: «Պարզվեց, որ բացի քաղաքապետարանը եւ կառավարությունը նաեւ վարչական շրջաններն են իրենց հերթին գումարներ հատկացնում քեֆ-ուրախության համար, ինչը ՖԲ-ում գրառում անողները (համենայն դեպս իմ կարդացած գրառումներում) չէին մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, չէին մանրամանսել նաեւ ստատուսը վերահրապարակած լրատվամիջոցները (որոնք որ կարդացել էի), ուստի ինձ թվացել էր, որ այդ գրառումները երեկվա հաստատված նախագծի մասին է»,- ասաց Ն. Կիրակոսյանը: