«Պարոն Ծառուկյանի փողերը քամուն են տալիս». Իշխանական պատգամավորը կոչ է անում որոշ մարդկանց ազատել աշխատանքից

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ ամբիոնին մոտեցավ և մեջբերեց ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված պատգամավորի իրավունքները, հայտարարեց, որ խոսելու է օրակարգի հետ կապ չունեցող թեմայի մասին, իսկ դրա համար ներողություն չխնդրեց, քանի որ պատգամավորի իրավունքն է՝  խոսել այն թեմայի մասին, որը կցանկանա։

«Դիմում եմ անձնապես պարոն Ծառուկյանին. ես ավարտել եմ ՀՊՃՀ-ն, ասել է թե՝ Պոլիտեխնիկ համալսարանը։ Իմ հայրիկը ճարտարապետ-շինարար է։ Այն տարիքից, ինչ ես քայլել եմ, սովորել, լսել եմ շինարարության մասին։ Ես բարեկամաբար պարոն Ծառուկյանին խորհուրդ եմ տալիս աշխատանքից ազատել գրանցված և չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետև իր փողերը վատնվում են, որովհետև, երբ տեղեկություն են տրամադրում պարոն Ծառուկյանին՝ միտումնավոր, կամ գիտելիքների պակասի արդյունքում, այդ մասին հրապարակվում է, և այդ մարդը, մեղմ ասած, անհարմար իրավիճակի մեջ է հայտնվում, և ստացվում է՝ չի տիրապետում  իրավիճակին։ Իզուր գումար եք տալիս, պարո՛ն Ծառուկյան»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։

Պատգամավորն ԱԺ ամբիոնից խոսեց իր ճարտարապետաշինարարարական գիտելիքների մասին՝ նշելով, որ ԱՊԶ-ն՝ այն է՝ ճարտարահատակագծային առաջադրանքը, տրվում է նախագծին, և որևէ մեկը նախագծին թույլտվություն չտալու իրավունք չունի։

Նախագիծը պետք է լինի, որի հիման վրա էլ պարզ կլինի՝ շինթույլտվություն կտրվի՞ այս կամ այն առաջարկին, թե՞ ոչ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հիշեցրեց Հրազդանի ճոպանուղու, Աբովյան քաղաքում կառուցված շենքերի շինթույլտվության հետ ունեցած խնդիրներն ու դատական գործերը, ապա հավելեց.

«Պարոն Ծառուկյանի փողերն իզուր քամուն եք տալիս, էդ մեծ բանակն աշխատանքից հանե՛ք և մի հատ նորմալ մասնագետ աշխատանքի ընդունեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս