Սահմանվելու է 50.000 դրամ տուրք. Ի՞նչ փոփոխություն է առաջարկում պատգամավորը շրջիկ առևտրի կետերի համար
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Ըստ ներկայացված նախագծի՝ Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնելու են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա, իսկ թույլտվության տրամադրման կամ մերժման կարգը սահմանելու է Երևանի ավագանին։
Սահմանվելու է տուրք՝ 50 հազար դրամ, որը կարող է փոփոխության ենթարկվել՝ կախված վարչական շրջաններից։
Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվելու են բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, իսկ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նախագծի հեղինակից հետաքրքրվեց՝ եթե էլեկտրոնային ամրագրման եղանակով նույն տեղի համար դիմել է երկու սուբյեկտ, ինչպե՞ս է որոշվելու, թե ում է տրամադրվելու տվյալ թույլտվությունը։
Հարցին ի պատասխան՝ Գաբրիելյանը նշեց, որ, եթե նույն տեղի համար գրանցվել է երկու սուբյեկտ, ապա էլեկտրոնային համակարգն այդ խնդիրը կարգավորելու է, և կան որոշակի մեխանիզմներ, որոնք կմշակվեն համապատասխան մասնագետների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում