Անդրանիկ Քոչարյանը ողջունել է Հայկ Սարգսյանի՝ արտագաղթը կանգնեցնելու «բաղադրատոմսը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Արարատի մարզ մեկնած Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, պատասխանելով իր աղմկահարույց նախագծի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասաց, որ այս առիթն օգտագործելով՝ ցանկանում է դիմել հայրենակիցներին:

«Սիրելի հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստան, բայց ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, որովհետև քեզ համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է 2 տարի ՀՀ-ում ծառայելը, և եթե դու նպատակահարմար ես գտնում ՀՀ վերադառնալ և ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնեք ինձ, տեղադրեք ձեր սոցիալական ցանցի էջերում»,- ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը ֆլեշմոբ է առաջարկում, որպեսզի պարզ դառնա բոլորի համար, որ միգուցե այդ քաղաքացիների թիվն այնքան քիչ լինի, որ ինքն էլ մտածի՝ նման նախաձեռնության իմաստ ընդհանրապես չկա:

Սակայն, նշում է պատգամավորը, հնարավոր է՝ այդ քաղաքացիների թիվը տասնյակ հազարներ լինի, և նրանց՝ Հայաստան վերադառնալու դեպքում մենք կունենանք անգամ երկու ուժեղացված ծառայություն առաջնագծում:

Դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարությունը դեմ է այս նախագծին, որովհետև ասում է, որ մի ամսում հնարավոր չէ ռազմական գործ սովորել, Հայկ Սարգսյանը նկատեց, որ ՊՆ-ն պետք է ուսումնասիրի միջազգային փորձը: Հավելեց նաև, որ այդ մեկ ամիս ժամկետն ինքը նախատեսել է նախ՝ միջազգային փորձը ուսումնասիրելու, ապա նաև՝ բազմաթիվ քաղաքացիների հետ զրուցելու արդյունքում, որոնք նշել են, որ այդ ժամկետը հարմար է:

Հարցին, թե այսպիսով արդյո՞ք չի վերացվում զինծառայության պարտադիր բաղադրիչը, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ, միևնույն ժամանակ նշելով, որ սա վերաբերում է բոլորին, այլ ոչ թե միայն դրսում ապրող մեր հայրենակիցներին, քանի որ օրենքը խտրական վերաբերմունք չի դնում:

Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը ներկայացնելիս ուսումնասիրել է տասնյակ երկրների փորձ, սակայն չնշեց, թե որ երկրների, ասաց, որ կհրապարակի իր ֆեյսբուքյան էջում:

«Հայ զինվորը մեկ ամսում կարող է սովորել Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները և որոշ մարտական զենքերից օգտվելու կանոնները»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց նաև, որ իր թիմակից ընկերների մի մասը ողջունում է իր օրենսդրական նախաձեռնությունը, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը:

«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են  տունը և արտագաղթում են: Ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս