Հեղափոխական փոփոխություններ երկրում դեռ չենք տեսնում. Գևորգ Սաֆարյան

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի մեկնաբանությամբ՝  տեղի է ունեցել միայն իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը պետք է հաջորդի դրան:

«Հեղափոխությունը համակարգի արմատական փոփոխությունն է, նաև անհրաժեշտ պայման է՝ կոտրել այդ համակարգի ողնաշարը՝ Սահմանադրությունը, որը, ինչպես ասվում էր, մեկ հոգու համար էր կարված, և ճիշտ էր ասվում: Մենք ունցել ենք ավտորիտար համակարգ, որը կեղեքել է մեր ժողովրդին, և այդ համակարգը գործել է ինչ-որ փիլիսոփայությամբ, որը նշված է իր կողմից ընդունված սահմանադրության մեջ:

Մենք բազմիցս խոսել ենք լյուստրացիայի մասին, սակայն տեսնում ենք, որ այդ մասին օրենք չկա:
Այսօրվա իշխանությունները ժառանգություն են վերցրել նախկին իշխանություններից և շարունակում են պահպանել նրանց թողած բոլոր որոշումները, օրինակ՝ Ամուլսարի հարցում: Պետք է քաղաքական գնահատական տալ նրանց, որ ստիպված չլինեն կատարել վերջինների որոշումները»:

Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ ԱԺ-ն պետք է  քաղաքական գնահատական տա, առնվազն՝ հայտարարության մակարդակով առ այն, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության բոլոր իշխանությունները եղել են ապօրինի: Չնայած այս պնդմանը, «Սասնա ծռերը» կարծում են, որ գործող ԱԺ-ն ի զորու չէ հեղափոխություն անել: Գևորգ Սաֆարյանը վստահ է, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունների ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցությունը կհայտնվի ԱԺ-ում:

«ԱԺ-ի կազմում են երկու օլիգարխների շահերը սպասարկող կուսակցություններ և «Իմ քայլը», որը բավականին հապճեպ գոյացավ, կադրերի ընտրության ժամանակ չկար, հեղափոխություն էր: Եվ հիմա թե՛ իշխող կուսակցությունից, թե՛ ընդդիմադիրներից շատերը պասիվ են»,- ասաց Գ. Սաֆարյանը:

«Սասնա ծռերը» դեմ է  ԱԺ պատգամավոր հայկ Սարգսյանի  ներկայացրած օրինագծին, որով նախատեսվում է՝ 10 մլն դրամ վճարել և ծառայել ընդամենը մեկ ամիս:

Գևորգ Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ «Հայաստանում երկրի պաշտպանությունը մնացել է՝ որպես աղքատների խաչ, սա, կարծում եմ, անթույլատրելի է: Մի ժողովրդական խոսք կա, ասում է՝ պետությունը պետություն է՝ մինչև պատերազմ, երբ պատերազմ է սկսվում, անունը դնում են հայրենիք, տալիս են աղքատներին»:

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամի պնդմամբ՝ գործող իշխանությունը նաև «Մարտի 1»-ի բացահայտման գործում է սխալներ թույլ տալիս: Նրան զարմացնում են նշված գործով երկու վկաների՝  2008-ին Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքերը:

««Մարտի մեկի» գործով քրեական գործ հարուցել միայն Ռոբերտ Քոչարյանի կամ ևս մի քանի անձի նկատմամբ՝ կնշանակի՝ «Մարտի 1»-ը չբացահայտել: Այդ գործով բազմաթիվ անձինք արդեն իսկ պետք է ձերբակալված լինեին: «Մարտի մեկի» գործով վկա, այն ժամանակվա ոստիկանապետը ինքնասպան եղավ կամ սպանեցին իր ամառանոցում: Հարց է առաջանում, ինչո՞ւ նա ձերբակալված չէր, որ նրան չկարողանային սպանել:  «Մարտի 1»-ի վկաները ոչնչացվում են»,- ասաց Գևորգ Սաֆարյանը՝ եզրակացնելով, որ դա կարող է ձեռնտու լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, կամ այլ երկրներին, որոնք այս հարցում հետաքրքրվածություն ունեն:

Տեսանյութեր

Լրահոս