Փաշինյանն ընդունեց Սիս գյուղի ճանապարհի ասֆալտը, բայց անպատասխան թողեց լրագրողի հարցը
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ Արարատի մարզ: Այս պահին նա Սիս գյուղում է, եկել է տեսնելու ասֆալտապատ ճանապարհը, ինչն ավելի վաղ խոստացել էր Սիս գյուղի երեխաներին:
Վարչապետը դժգոհեց ճանապարհին տեսած ցեխից՝ նշելով, որ տարածքում գազալցակայան կա, և նրանք գոնե կարող էին իրենց ուժերով մաքրել ճանապարհի ցեխը:
Factor TV-ի լրագրողի հարցը, թե տեսնո՞ւմ է արդյոք Արարատի մարզպետի փոփոխության անհրաժեշտություն, քանի որ պահանջում են նրա հրաժարականը, Ն. Փաշինյանը թողեց անպատասխան:
Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ այցելության հաջորդ կանգառը Ռանչպար գյուղն է:
Նրա մեկնումից հետո լրագրողների հետ զրույցում Սիս գյուղի գյուղապետ Հայկ Մելքոնյանը նշեց, որ վերանորոգվել է 2240 մետր ճանապարհ, ինչը 31 տարվա երազանք էր: Դժգոհեց նախկին իշխանություններից՝ շեշտելով, որ նրանք խոստումներից այն կողմ չէին անցնում: Նա նշեց, որ գյուղում աշխատանքի խնդիր նույնպես չկա: