Ինչու մերժեցին «Լուսավոր Հայաստանին». Արարատ Միրզոյանը պարզաբանում է

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցով  պայմանավորված էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններն ազատականացնելու մասին, երկրորդ ընթերցման համար այսօրվա քառօրյայի օրակարգ չի ընդգրկվել։

«Պարո՛ն Մարուքյան, ի սկզբանե դուք բերել էիք նախագիծ, որտեղ գրված էր, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններին կարող էին նշանակվել համակարգից դուրս մարդիկ, և դա մեկ աստիճանով կավելացներ թափանցիկությունն ու վերահսկողությունը։ Մենք ողջունեցինք գաղափարը և ասացինք, որ պետք է գտնել այլ լուծումներ, որովհետև միայն այդքանով չի կարող լինել. օրինակ, եթե նշանակվում է համակարգից դուրս մեկը, խնդիր է առաջանում Սահմանադրության հետ, որովհետև ֆիքսված է, որ  սրանք բարձրագույն խմբի զինվորական պաշտոններ են, որոնց նշանակում է նախագահը։ Եթե նշանակում ենք համակարգից դուրս, ապա պետք է տանք գեներալի կոչում, իսկ սա մի պրակտիկա է, որը մենք բազմիցս քննադատել ենք նախորդ տարիների ընթացքում, հետևաբար՝ չէինք ուզում կրկնել նույնը»,- ասաց  Միրզոյանը՝ նշելով, որ, եթե պաշտոնի հավակնորդին չէին տալիս գեներալի կոչում,  ստացվում էր, որ չէին կարող նշանակել։

Ըստ Միրզոյանի՝ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովն այս խնդիրը կարգավորելու համար երկու շաբաթ աշխատել է, փորձել գտնել այլ լուծումներ, որոնք, սակայն, առաջացրել են հավելյալ հարցեր.

«Հիմա, էս նոր լուծումներով ասում ենք՝ շատ լավ, դե  դա թող չլինի բարձրագույն զինվորական պաշտոն. լինի վարչական, իսկ քանի որ տեղակալները փոխարինում են ղեկավարներին, եկեք տեղակալներինն ազատականացնենք։ Էստեղ էլ ստացվում է, որ այդ տեղակալներին,եթե համակարգի ներսից ենք նշանակում, ստացվում է՝ նա զինվորական ծառայություն է անցնում, որը պետք է կասեցնել, իսկ այդ դեպքում էլ կստացվեր՝ մարդը երկար տարիներ աշխատել է, դարձել է գնդապետ, և հիմա պետի տեղակալ նշանակվելու համար պետք է դադարեցնի էս ծառայությունը։ Էսպիսի խնդիրներ են առաջանում, մենք այս նախագծի արժեքաբանության, թափանցիկ դարձնելու հետ խնդիր չունենք, դեռ մի բան էլ մեզ համար էր լավ՝ կնշանակեինք քաղաքական թիմի անդամներ, բայց այս լուծումները չեն լինում, չեն կպնում իրար, համակարգի ամբողջականության տեսանկյունից դառնում է թերի մի բան. էդպես չի լինի, եկեք այլ բան մտածենք»,- ասաց  ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս