«Պարո՛ն Վարդանյան, ես ուղղակի ապշած եմ, «սահմանադրական իրավունք» գիտության հիմնադիրները գերեզմաններում շուռ եկան». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմանում է, երբ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ասում է, թե ինչպե՞ս կարելի է վարչապետին ենթակա մարմիններին հրավիրել խմբակցություն և հարցեր տալ, և հավելում, թե՝ բա որ իրենք էլ մի օրենք ընդունեն և պատգամավորներին ասեն, որ՝ պարտավոր եք մասնակցել Կառավարության կոմիտեի նիստերին։

«Պարո՛ն Վարդանյան, ես ուղղակի ապշած եմ, ախր Դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք, երբ նման բան եք ասում, ես կարծում եմ՝ «սահմանադրական իրավունք» գիտության հիմնադիրները գերեզմաններում շուռ եկան, խառնվեցին իրար. ո՞նց կարելի է նման բան ասել»,- ասաց Մարուքյանը՝ ի պատասխան Վլադիմիր Վարդանյանի՝ ԼՀԿ-ի ներկայացրած նախագծին բացասական եզրակացություն տալու հիմնավորումներին։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել հայեցողական, սահմանադրական է, և հարցը հետևյալն է.

«Ի՞նչ է փոխվել՝ առաջինից երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել է. էս հարցին՝ քաղաքական, պատասխանեք, մնացածն իրավական տեխնիկայի հարցեր են, որոնք մենք լուծել ենք և ունեինք նաև լրամշակված նախագիծ, որը պետք է ընդունվեր, հետևաբար՝ շառ անել Սահմանադրության վրա, թե այստեղ խնդիր կա, որևէ մեկը դրան չի հավատա»,- ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով  այդ մարմինների գործունեությունը խաթարելու վերաբերյալ հիմնավորումներին՝ Մարուքյանը նշեց.

«Կներե՛ք,   բայց էս վերջին դեպքերից՝ ազատումներից հետո, ձեր պատգամավորներն են հայտարարություններ արել այդ մարմիններում բարեփոխումների համար։ Գիտե՛ք, ես մտածում եմ, որ ինչ վատ ա, որ ես նախկին խորհրդարաններում աշխատել եմ, անընդհատ դեժավյուի մեջ եմ, անընդհատ լսում եմ ելույթներ, որոնք բառացի, նույնությամբ նույն ձևակերպումներն ունեն. սղագրողներին որ խնդրենք, կարող են հանել, նույն ձևակերպումներն են, թե՝ մենք կխաթարենք այս կամ այն կառույցի աշխատանքը, և այլն, և  այս նույն ձևակերպումներով մերժվում էին ռեֆորմները»,- ասաց  խմբակցության ղեկավարը։

Մարուքյանը նաև հարց հնչեցրեց՝ իսկ ո՞ւր է էստեղ խորհրդարանական կառավարման համակարգը։

«Ապշած եմ՝ խորհրդարանականները գալիս-խոսում են, թե ո՞նց կարելի է կառավարմանն առընթեր մարմնի ղեկավարին կանչել  էստեղ. բա ի՞նչ կարելի ա անել, բա ի՞նչ եք ուզում անել, դե դուք գնացեք զեկուցեք իրենց, ի՞նչ եք ուզում, էդ ա ձեր պատկերացրած  հակակշիռների մեխանիզմը»,- ասաց  Մարուքյանը՝ ի պատասխան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի բերած հիմնավորումների։

Մարուքյանը նաև նշեց, որ այս հարցերն իրենք ներկայացնելու են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկների ժամանակ։

«Եթե կառավարության կառուցվածքի գոնե մի մասը մասնակիորեն դուք ընդունեիք, այսօր մենք այս խնդիրների առաջ չէինք կանգնի, երբ ո՛չ ոստիկանապետ կա, ո՛չ  ԱԱԾ պետ կա, հետո էլ ասում եք, թե բա գիտե՞ք՝ անվտանգությունը շատ կարևոր ա. էդ մարմիններին ֆեյք բռնելուց սկսած՝ հանձնարարական եք տալիս, բա դա է անվտանգությունը, թող շպիոն բռնեն»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ միշտ էլ ոստիկանապետն ու ԱԱԾ պետը քաղաքական դերակատարներ են եղել։

«Սերժ Սարգսյանը, որ իր  օգնականին նշանակեց ԱԱԾ պետ, հո օդից չնշանակե՞ց»,- խոսքը եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս