Բաժիններ՝

Քննությունների թեման նորից արդիական է դառնում

Քննությունները միշտ առանցքային տեղ են ունեցել Հայաստանի կրթական համակարգում։ Անկախության առաջին 20 տարիներին բուհերի ընդունելության քննությունները համարվում էին ամառային ամիսների կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը։ Երկրի նախագահները, վարչապետներն այցելում էին քննասենյակներ, հետևում քննությունների ընթացքին, լրագրողները լուսաբանում էին քննության ամեն օրը։ Նախարարությունն ապրիլ ամսից սկսում էր իր հիմնական ուժերը կենտրոնացնել քննությունների վրա։

Շատ դժվար էր քննությունների օրերին նախարարի հետ այլ հարցեր քննարկել, քանի որ նախարարն ամբողջ օրն անցկացնում էր բուհերում։ Իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սկսվում էր բուհեր չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքների տարափը։ Նախարարությունը հսկայական ժամանակ և էներգիա էր ծախսում այդ ամենի վրա։ Եվ միայն հոկտեմբեր ամսից նախարարությունը վերադառնում էր աշխատանքային բնականոն ռիթմի։ Պատահական չէ, որ այդ տարիներին նախարարությունը ստացել էր «քննությունների նախարարություն» անունը։

Վերջին շրջանում նորից ակտիվացել է քննությունների թեման։ Այս տարի առաջին անգամ 9-րդ դասարանում անցկացվեց կենտրոնացված քննություն Հայոց լեզու առարկայից։ Քննությունների ընթացքը հաջող չէր, քանի որ մեկ օրում շուրջ 40 հազար հոգու քննություն կազմակերպելու համար հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են պետք։ Քննասենյակների ներսում արձանագրվել էին միմյանց օգնելու բազմաթիվ դեպքեր, գրավորների շարադրության հատվածը յուրաքանչյուր ուսուցիչ ստուգել էր յուրովի՝ առանց միասնական մոտեցման։ Աշակերտների մի մասը քննությունը հանձնեց իր դպրոցում, մյուսները՝ ուրիշ դպրոցում։ Թեև ի սկզբանե ասվել էր, որ ոչ մի աշակերտ իր դպրոցում չի հանձնելու քննությունը։ Աշակերտների տեղափոխության ծախսը հոգացին ծնողները։ Ծնողները շոշափելի գումար ծախսեցին նաև կրկնուսույցների վրա։ Ի վերջո, կենտրոնացված քննության արդյունքներն ավելի բարձր եղան, քան Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից անցկացված ընթացիկ ստուգման արդյունքները։

Քննությունների հետ կապված մյուս նախաձեռնությունն այն է, որ նախարարությունը ցանկանում է Գնահատման և թեստավորման կենտրոնը հանել կառավարության ենթակայությունից և բերել իր ենթակայության տակ։ Մեկ այլ նորություն էլ առկա էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Նախատեսվում է Հայոց լեզվի քննությունը պարտադիր դարձնել բոլոր բուհերի դիմորդների համար։ Իհարկե, սա լավ գաղափար է։ Շատ կարևոր է, որ բոլոր դիմորդներն ունենան մայրենի լեզվի իմացության գոնե բավարար մակարդակ։ Բայց այս մոտեցումը նախկինում արդեն եղել է։ Ուրեմն ինչո՞ւ այն ժամանակ հրաժարվեցին Հայոց լեզվի պարտադիր քննությունից։ Բանն այն է, որ լինում էին բազմաթիվ դեպքեր, երբ տաղանդավոր մարզիկը, երաժիշտը, բնագետը, նկարիչը բավարար գնահատական չէր ստանում հայոց լեզվից։ Բուհերի ղեկավարները դժգոհում էին, որ հայոց լեզվի պարտադիր քննության պատճառով զրկվում են շնորհալի ուսանողից։ Որքան էլ ասենք, որ բոլորը պարտավոր են լավ հայերեն իմանալ, բայց ոչ միշտ է այդպես։

Կարդացեք նաև

Պատանի մարզիկները, երաժիշտները, բնագետներն այնքան են խորանում իրենց ոլորտի մեջ, որ մնացած առարկաների ուսուցմանը բավարար ժամանակ չեն հատկացնում։ Լինում են երեխաներ, որոնց տաղանդը մի ուղղությամբ է զարգացած։ Նրանք հաճախ են բացակայում դասերից, ունեն հետաքրքրությունների նեղ շրջանակ, բայց իրենց ոլորտում ունեն մեծ ձեռքբերումներ։ Հենց այս պատճառով նախարարությունը որոշ մասնագիտությունների գծով հանեց Հայոց լեզվի միասնական քննությունը։ Հիմա մենք պետք է մտածենք հետևյալ հնարավոր իրավիճակի մասին։

Դիմորդը կարող է ֆիզիկայի քննությունից ստանալ գերազանց, իսկ հայոց լեզվից՝ անբավարար։ Մենք պատրաստ ենք այս դիմորդին ասել, որ ինքը չի ընդունվել և պետք է դիմի հաջորդ տարի։

Մյուս նորամուծությունն այն է, որ քննարկվում է ընդունելության քննությունը մաս-մաս հանձնելու և դրանց հանրագումարով բուհ ընդունվելու տարբերակը։ Աշակերտը կարող է 6 կիսամյակ հանձնել քննությունները և իր ստացած թվանշանով դիմել բուհ։ Այս որոշման մեջ դրական մոտեցումն այն է, որ աշակերտը 3 տարի անընդհատ պետք է լինի սովորելու ռեժիմի մեջ, որպեսզի կարողանա հեշտությամբ հանձնել քննությունները։ Բացի այդ, աշակերտի համար շատ հարմար է քննությունը մաս-մաս հանձնելը։ Այդպես ավելի հեշտ է։

Այդուհանդերձ, չի կարելի հուսալ, որ այս դեպքում կրկնուսույցներ այլևս չեն լինի։ Կրկնուսույցները միշտ եղել են և կլինեն։ Նախկինում էլ նախարարության պաշտոնյաները խոստանում էին, որ ավագ դպրոցների ստեղծումից հետո դասախոսները կգնան ավագ դպրոցներում դասավանդելու, երեխաները շաբաթական 8 ժամ Մաթեմատիկա սովորելուց հետո այլևս չեն ցանկանա գնալ կրկնուսույցի մոտ։ Բայց այդպես չեղավ։ Այսօր նույնիսկ  էլիտար դպրոցներում սովորող աշակերտներն են կրկնուսույցի մոտ պարապում։ Երեխաները կրկնուսույցի մոտ են գնում այն պատճառով, որ իրենք միջին դպրոցում ձեռք չեն բերել գիտելիքների այն բավարար հիմքը, որը հնարավորություն կտա պատրաստվել բուհական քննություններին։ Երեխաները կրկնուսույցների մոտ են գնում, քանի որ չունեն ինքնակազմակերպական բարձր հմտություններ, և, առանց կրկնուսույցի խիստ վերահսկողության՝ չեն կարող պատրաստվել քննությունների։

Կրկնուսույցների առավելությունն այն է, որ նրանք կարողանում են երեխաներին աշխատացնել։ Բացի այդ, դպրոցների ուսուցիչներին էլ է ձեռնտու, որ երեխաները լրացուցիչ պարապեն, քանի որ այդպիսով նրանք իրենց ցածր եկամուտը համալրելու հնարավորություն կստանան։ Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է եռապատկելու ուսուցիչների աշխատավարձը, եթե վերջիններս կարողանան դպրոցի դասերով աշակերտին պատրաստել ընդունելության քննություններին։ Նման բան ոչ մի կառավարություն չի խոստանա

։ Հետևաբար՝ ուսուցիչների շահերից էլ է բխում լրացուցիչ պարապմունքների ինստիտուտի գոյությունը։ Կարծում եմ՝ այս պահին անիմաստ է կրկնուսույցների դեմ պայքարը նպատակ դարձնել։ Մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք կրտսեր և միջին դպրոցին։ Կրկնուսույցների ինստիտուտը ծաղկում է այն պատճառով, որ երեխաները հիմնարար գիտելիքներ և ինքնուրույն աշխատելու հմտություններ չունեն և ստիպված են հույսը դնել կրկնուսույցների արագընթաց և խստապահանջ ծառայությունների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս